3-4 տարի Եվրոպայի առաջնություններում մեդալներ ունեցել եմ, բայց այս չեմպիոնությունը սպասված էր․ Վարազդատ Լալայան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանը իր չեմպիոնությունը կարևոր գործոն է համարում դեպի Օլիմպիական խաղեր տանող ճանապարհին:

Այս մասին Սոֆիայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լալայանը

«Մենք չգիտեինք, որ Լաշան (խմբ․ Վրաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, օլիմպիական կրկնակի, Եվրոպայի ու աշխարհի 7-ակի չեմպիոն Լաշա Տալախաձե) չի մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Դա միայն ընթացքում պարզ դարձավ: Ես պատրաստ էի այս մրցումներին: Ես պատրաստ էի հաղթանակի: Շատ ոգևորված եմ: 3-4 տարի Եվրոպայի առաջնություններում մեդալներ ունեցել եմ, բայց այս չեմպիոնությունը սպասված էր: Մեծահասակների շարքում առաջին չեմպիոնությունս է: Ինձ համար սա շատ տպավորիչ է, ես շատ ուրախ եմ»,- նշել է նա:

Խոսելով պոկում վարժությունում իր գրանցած արդյունքից` Լալայանն առանձնացրել է, որ այս ձևում մոտեցումներն այդքան էլ լավ չստացվեցին, բայց հավելեց, որ հրում վարժությունում երկու մոտեցումները բավարար էին հաղթելու համար․ «Հիմա ամեն ինչ տանում է դեպի Օլիմպիական խաղեր, ամեն ինչ նպաստում է դրան: Օլիմպիական խաղերին առավել լավ պետք է պատրաստվենք, որ ավելի լավ ու վստահ ներկայացնենք մեր երկիրը»։

Հիշեցնենք՝ երեկ Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը ԵԱ-ի չեմպիոն է հռչակվել երկամարտի 455 կգ արդյունքով: Լալայանն արժանացել է նաև պոկում և հրում վարժությունների փոքր ոսկե մեդալներին՝ համապատասխանաբար 205 և 250 կգ արդյունքներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ