Քննարկվում է Նավալնիի մարմինը ընտանիքին երբեք չհանձնելու տարբերակը. ինչի՞ց են վախենում ՌԴ իշխանությունները

Կրեմլին մերձ աղբյուրները հայտնում են, որ ռուսական իշխանությունները քննարկում են տարբեր տարբերակներ՝ հետաձգելու ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մարմինը նրա ընտանիքին հանձնելը։

«Ագենստվո» ինտերնետ-պորտալը գրում է, որ, զրուցակիցների տեղեկություններով, Կրեմլում մտավախություն ունեն, որ ընդդիմադիր քաղաքական գործչի հուղարկավորությունը կարող է վերածվել լայնամասշտաբ քաղաքական ակցիայի, որը կստվերի Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրությունները։

Նավալնիի մահվան մասին տեղեկությունն անակնկալ է եղել Կրեմլում աշխատող ռուս պաշտոնյաների համար։ Այժմ իշխանությունները քննարկում են, թե ինչ անել քաղաքական գործչի մարմնի հետ, և նույնիսկ քննարկվում է քաղաքական գործչի մարմինը երբեք չհանձնելու տարբերակը, ասել են աղբյուրները The Moscow Times-ին։ «Մոտենում են նախագահական ընտրությունները: Մեզ դա պետք չէ, քանի որ դա խնդիր կլինի շեֆի (Պուտինի) համար»,- ասել է ռուս բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը անանուն մնալու պայմանով: Միաժամանակ նա հավելել է, որ «Նավալնիի մարմինը երբեք չհանձնելու» տարբերակը քննարկվում է նաև Ռուսաստանի իշխանությունների կողմից։

Տարբերակներից մեկն այն է, որ դիահերձարանում անցկացնեն Նավալնիի հրաժեշտի փակ արարողություն, որտեղ կթույլատրվի միայն մոտ հարազատների ու ընկերների մուտքը։ Վերջնական որոշում, թե ինչ անել Նավալնիի մարմնի հետ, դեռ չի կայացվել։ Ընդդիմադիր գործչի ընտանիքը պնդում է, որ իրենք հուղարկավորեն նրան իրենց ավանդույթներին համապատասխան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ