Համացանցում հայտնվել է «Շերեմետևոյում» հրդեհված SSJ-100 ինքնաթիռի տեսանյութից հերթականությամբ հանված կադրերի շարքը, որոնցից մեկը պատկերում է, թե ինչպես է օդաչուներից մեկը վերադառնում այրվող օդանավ:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, օդաչուն նախ դուրս է եկել խցիկի պատուհանից պարանի օգնությամբ, այնուհետև կրկին փչովի սանդուղքով վազելով ներխուժել այրվող սրահ: Դրանից հետո նա ինքնաթիռից դուրս է բերել, ենթադրաբար, երկրորդ օդաչուին:
Ինքնաթիռի հրամանատար օդաչու Դենիս Եվդոկիմովի հայրը՝ Ալեքսանդրը, հաստատել է այդ տեղեկությունը: Նրա խոսքով՝ որդին հրաման է տվել երկրորդ օդաչուին լքել խցիկը լուսամուտից, իսկ ինքը մնացել է ինքնաթիռում մինչև վերջին պահը:
Այժմ Եվդոկիմովը գտնվում է Սկլիֆոսովսկու անվան Գիտահետազոտական ինստիտուտում, քանի որ թունավորվել է այրվող նյութերով: Նրա հայրը կոչ է արել չմեղադրել անձնակազմին թռչել չիմանալու մեջ:
«Դենիսը Իլ-76-ի հրամանատար է եղել, նա պահեստային փոխգնդապետ է, այնուհետև աշխատել է որպես երկրորդ օդաչու, հետո էլ օդանավի հրամանատար: Երկար տարիներ նա ղեկավարել է Boeing-ը, ապա անցել SSJ-100-ի», — ասել է օդաչուի հայրը: