Տարեցտարի զգում եմ՝ բոլորը հիմնականում իմ դեմ են պատրաստվում. Արթուր Ալեքսանյան

«Եվրոպայի չեմպիոն դառնալը միշտ դժվար է, տարեց տարի զգում եմ, որ բոլորը հիմնականում իմ դեմ են պատրաստվում»:

Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

«Ուրախ եմ, որ 7-րդ անգամ հաղթեցի: Ամեն չեմպիոնություն տարբերվում է, այս 7-րդն էլ է տարբեր ինձ համար: Յուրաքանչյուր հաղթանակի համար տանջվել ենք, մարզվել ենք, աշխատել ենք: Ամեն մի ոսկի իր գինն ունի»,- ասաց Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ եզրափակիչ գոտեմարտը հետաքրքիր է ստացվել, սակայն առաջին վայրկյաններին մրցակցի հնարքը անակնկալ չի եղել իր համար:

«Գիտեի, որ առաջին րոպեներից հարձակվելու է, պարզապես այդ հնարքին չէի սպասում: Ճիշտ է, տվեցի հնարքը, բայց հետո կարողացա հետ բերել ամեն ինչ: Եվրոպայի չեմպիոն դառնալը միշտ դժվար է: Տարեց տարի զգում եմ, որ բոլորը հիմնականում իմ դեմ են պատրաստվում: Այս առումով ամեն անգամ ավելի է դժվարանում, բայց, փառք Աստծո, ինձ մոտ ստացվում է հաղթել: Առջևում Օլիմպիական խաղերն են, որից հետո պարզ կլինի»,- նշեց Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ Օլիմպիական չեմպիոնը 97 կգ քաշայինների եզրափակիչում մրցեց ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիեւի հետ եւ 6:3 հաշվով փառահեղ հաղթանակ տարավ:

Ալեքսանյանը եզրափակիչ էր դուրս եկել՝ կիսաեզրափակչում 5:1 հաշվով առավելության հասնելով բելառուս Աբուբակար Խասլախանավի նկատմամբ։ Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9:1 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր թուրք Բեյտուլա Կաիսդագինին, իսկ քառորդ եզրափակչում ըմբիշը 8:3 հաշվով առավելության էր հասել Նիդերլանդների ներկայացուցիչ Թայրոն Շտենկերբուրգի նկատմամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ