Ադրբեջանին կստիպե՞ն հատուցել իր «Հատուցում» օպերացիայի համար

Ադրբեջանական պրոպագանդան՝ ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպի, այն է՝ «հայկական կողմի սադրանք»-ին ի պատասխան «հատուցում» օպերացիա իրականացման մասին, շրջվեց այդ պետության դեմ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, թե իրականացրել են հատուկ գործողություն, որը կրում է «Հատուցում» անունը՝ այսպիսով խոստովանելով, որ նպատակաուղղված ռազմական գործողություն է իրականացրել ՀՀ դիրքի ուղղությամբ:

Ադրբեջանի այս գործողությանն արձագանքելով՝ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ Ադրբեջանի պատասխանը հայկական կողմից արձակված կրակոցին անհամարժեք է և անտեսվել է ՀՀ ԱԳՆ հայտարարությունն առ այն, որ միջադեպը հետաքննվելու է։ «Սա կրկին ցույց է տալիս զորքերը հեռացնելու հրատապ անհրաժեշտությունը, ինչը ԵՄ-ն պնդում է երկար ժամանակ»,- նկատել է Բորելը։

Նշենք, որ Ադրբեջանը տևական ժամանակ բոյկոտում է բանակցությունների արևմտյան հարթակները՝ խուսափելով խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին վերադառնալուց։

Թե արդյոք Ադրբեջանին կստիպեն հատուցել իր «Հատուցման» համար և ինչ տեսքով կլինի այդ հատուցումը, թերևս պարզ կդառնա առաջիկայում։ Ակնհայտ է, որ միջազգային կառույցները կենտրոնացրել են իրենց ուշադրությունը ՀՀ-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակի վրա։

Նշենք, որ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորելուց հետո X-ի իր էջում գրառում էր կատարել՝ մասնավորապես նշելով․ «Ողջունում ենք Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու բրյուսելյան գործընթացի եռակողմ հանդիպումը»։

Անցած տարեվերջին էլ պաշտոնական Բաքուն հայտարարեց, թե վաշինգտոնյան հարթակն այլևս անընդունելի է իր համար՝ ՀՀ-ի հետ բանակցությունների կարգավորումը շարունակելու առումով, միաժամանակ շեշտելով՝ ընդունել է բրյուսելյան ձևաչափով բանակցությունների շարունակումը։

Բրյուսելից էլ արձագանքել էին՝ հայկական կողմը պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը, իսկ ահա Բաքուն բանակցությունները շարունակելու իր պատրաստակամությունը պետք է գործով ապացուցի։

Թե երբ է տեղի ունենալու Երևան-Բաքու հավանական հանդիպումը Բրյուսելում՝ դեռևս հստակություն չկա, ամենայն հավանականությամբ այն տեղի կունենա գարնանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ