Այնքան են բուծում շներին, որ չեն կարողանում վաճառել ու բաց են թողնում փողոց․ Առաքելյան

«Կացարաններում շները կլինեն ոչ թե բանտարկված այլ կունենան ազատ տեղաշարժի հնարավորություն ու ապահովված կլինեն կերով, ջրով ու բժշկական ծառայությունով։ Եթե ամեն բան ճիշտ գնա, ապա 2024թ-ին կունենանք արդեն շահագործման հանձնված կացարան։ Առաջին մեծ կացարանը նախատեսված է Կենտրոն համայնքում»․ այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքում թափառող կենդանիների խնդիրների լուծմանը։

Առաքելյանի խոսքով՝ ընտանի կենդանիների համար հստակ տարածքներ կհատկացվեն շների զբոսանքը ապահովելու համար․ «Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները կունենան շների համար նախատեսված զբոսայգիներ ու հիմա այդ աշխատանքները մեկնարկել են։ Ամեն վարչական շրջան ունենալու է նախնական մեկ և անհրաժեշտության դեպքում երկու զբոսայգի շների համար»։

Առաքելյանը նշեց նաև, որն ոլորտը կարգավորելու համար հարկավոր են օրենսդրական փոփոխություններ․ «Առաջնային պայման է օրենսդրական կարգավորումը։ ԱԺ-ում կա օրենքի նախագիծ, Երևան քաղաքը ևս ունի նախաձեռնություն։ Նպատակն այն է, որ թափառող կենդանիների հարցի կարգավորումը ունենա մեկ ընդհանուր գաղափարախոսություն, և բոլորը առաջնորդվեն հենց այդ ծրագրով։ Երևան համայնքը որևէ կերպ չի զբաղվում շների սպանդի այդ ամոթալի պրակտիկայով, և սա պետք է տարածել ՀՀ ամբողջ տարածքով»։

Ըստ նրա՝ օրենսդրական դաշտով պետք է կարգավորել ընտանի կենդանիներ պահողների հարցը․ «Ինչպես նաև բուծողների հարցը, որովհետև նրանք այնքան են բուծում շներին, որ չեն կարողանում վաճառել ու բաց են թողնում, կամ արժեքը ընկնում է, ու մարդիկ սկսում են գնելը, հետո չեն կարողանում պահել ու ինչ-որ պահի բաց են թողնում փողոց»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ