Ներքին Հանդում կրակոցները պարզ լսելի են եղել, բնակիչները տագնապած են. ՄԻՊ-ի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն

Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի հարցերի առնչությամբ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն:

«Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակի հետևանքով խաթարվել են քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգ միջավայրում ապրելու, կրթության և այլ հիմնարար իրավունքները։

ՄԻՊ աշխատակազմին բնակիչները պատմել են, որ կրակոցները պարզ լսելի են եղել, ինչի հետևանքով իրենք ահաբեկվել են, հայտնվել են անորոշության մեջ, տագնապային վիճակում։

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի գործողություններն իրական վտանգ են ներկայացնում անձանց կյանքի իրավունքի և անվտանգության, կրթության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշտադիտարկման և մարդու իրավունքներին առնչվող փաստերի հավաքագրման աշխատանքները շարունակվում են»,- ասված է ՄԻՊ-ի գրառման մեջ։

ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր:

Մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է:

Ադրբեջանական կողմը հաղորդագրություն է տարածել՝ ընդունելով, որ սադրանքի հեղինակն իր զինծառայողներն են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ