«Սիրում եմ բոլորիդ». Նիկոլ Փաշինյանի երթն ու երևանցիների արձագանքը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համաերևանյան երթ է անցկացնում, որը սկսվել է Նոր-Նորքի 6-րդ զանգվածից: «Այսօրվա մեր երթը յուրատեսակ ամփոփումն է այն քայլարշավի, որ մենք իրար հետ սկսեցինք մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից, որը պսակվեց ՀՀ-ում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ», – երթի ժամանակ, դիմելով քաղաքացիներին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նոր Նորքի փողոցներով Փաշինյանը քայլում է իր թիմի՝ կառավարության անդամների հետ։ Նա բարձրախոսով հայտարարեց, որ «Իմ քայլը» շարժման հարթակը այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները։

«Մենք ձեզ խոստացել էինք, որ եթե դուք ցույց տաք, արտահայտեք ձեր կամքը, որ ուզում եք՝ Հայաստանում տեղի ունենա փոփոխություն, այդ փոփոխությունը տեղի կունենա, և մենք կլինենք դրա երաշխավորը, որ ժողովրդի կամքը կդառնա կոնկրետ քաղաքական իրողություն։ Այդ պարտավորությունը լիարժեք կատարված է», — հայտարարեց Փաշինյանը։

Հաջորդ խոստումը, որի մասին հիշեց վարչապետի պաշտոնակատարը, ընտրությունների արդյունքները կեղծելն ու ընտրակաշառքներ բաժանելու սովորությունը վերացնելն է։ «ՏԻՄ և Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով այս պարտավորությունը լիարժեք կատարված է», — հայտարարեց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ