Գարեգին Խումարյանի «վատ ժուռնալիստիկա»-ի հարցը Էթիկայի դիտորդ մարմնի «վարույթում» է․ ովքեր են լինելու «դատավորները»

Հանրային հեռարձակողի խորհուրդը, որի կառավարման ներքո գտնվող հեռարձակող ընկերություններն անդամակցում են Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների ինքնակարգավորման նախաձեռնությանը, դիմել է Հայաստանի ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմնին՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների վերաբերյալ փորձագիտական կարծիք ստանալու ակնկալիքով։

Խորհուրդը մինչ այդ, հիշեցնենք, հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր. «Փաստը, որ Հանրային ռադիոյի տնօրենը քննադատում է վարչապետին, արտառոց ոչինչ չի պարունակում, նույնիսկ առաջին դեպքը չէ և որևէ սկզբունքային առարկություն չի կարող ունենալ ժողովրդավարական երկրում։ Սակայն հանրային լրատվամիջոցի այսպիսի կամայական օգտագործումն առաջացնում է Հանրային հեռարձակողի խորհրդի տարակուսանքը։ Խորհրդի կարծիքով՝ ռադիոընկերության տնօրենը առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը, օգտագործելով Հանրային ռադիոյի հեղինակությունը և պաշտոնական կայքը՝ սեփական կարծիքը անվիճարկելիորեն ներկայացնելու և առավելագույն արձագանք ապահովելու համար։ Բացի այդ, ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ, ինչը Գարեգին Խումարյանը որպես առիթ էր օգտագործել հարցազրուցավար Բարեղամ Ղուկասյանի աշխատանքը «վատ ժուռնալիստիկա» որակելու և ունկնդիրների «սպասելիքները չարդարացնելու» համար, որը նույնպես մտահոգիչ է։ Ըստ այդմ, Խորհուրդն առաջիկայում քննության կառնի Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին»։

Եվ ահա, վերջին օրերին սոցցանցերի ամենատիրաժավորված հոդվածագիրը դարձած Խումարյանի գործողությունների էթիկական և իրավական նորմերին համապատասխանության հարցի որոշումը Խորհուրդը որոշել է պատվիրակել դիտորդ մարմնին։

Նշենք, որ դիտորդ մարմինը (ԴՄ) գործում է 2007 թվականից, որի կազմը 2023թ․ հունիսի 24-ին ԶԼՄ-ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչների ընդհանուր ժողովում փոխվել է։ 14 հոգանոց կազմում են՝ մասնավորապես Դավիթ Ալավերդյանը՝ «Մեդիամաքս»-ի գլխավոր խմբագիր, Շուշան Դոյդոյանը՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ, Աշոտ Մելիքյանը՝ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ, Գնել Նալբանդյանը՝ «Նյումեգ» հրատարակչության գլխավոր խմբագիր, Բորիս Նավասարդյանը՝ Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, ԴՄ նախագահ, ինչպես նաև Արա Շիրինյանը՝

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ։ Թե ինչ կազմով է դիտորդ մարմինը որոշելու քննել Խումարյանի «գործը»՝ դեռևս հայտնի չէ, սակայն նկատենք, որ ԴՄ անդամներից մեկն արդեն իսկ մամուլում տեսակետ է հայտնել Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի աղմկահարույց՝ մեր դիտարկմամբ ակնհայտ քաղաքական համատեքստ ունեցող հրապարակման առնչությամբ։

«Մեդիալաբ»-ի հետ զրույցում, հարցին, թե՝ «Դուք համաձա՞յն եք հնչեցված այն կարծիքներին, թե Խումարյանի այս հրապարակումը նախադեպային է, որ վերջապես պետական պաշտոն զբաղեցնող անձը համարձակվեց ընդդիմանալ վերադասին և այլն»՝ Բորիս Նավասարդյանն արձագանքել է․ «Ես դրա համար ասացի, որ կցանկանայի տարբերակել այդ հոդվածի քաղաքական ու պրոֆեսիոնալ հատվածները։ Եթե դա հերթական քաղաքական բանավեճ է, թե ինչպիսին պետք է լինեն մեր երկիրը, երկրի ղեկավարությունը և այլն, ապա ես սրանից առանձնապես որևէ հետաքրքիր բան չեմ սպասում, բայց եթե դա խոսակցություն է պրոֆեսիոնալ խնդիրների մասին, որոնք առկա են Հանրային հեռուստատեսությունում ու ռադիոյում, ու եթե դա առիթ կդառնա այդ խնդիրների լուրջ քննարկման, ապա միանգամայն ողջունելի է այն, ինչ արեց Գարեգինը»։ Լրագրողի հստակեցմանը՝ «Իսկապե՞ս սա ընդվզում էր, թե՞ ազատ կամարտահայտություն»՝ ԴՄ նախագահը պարզաբանել է՝ «Լրագրողի գործը չէ ընդվզել, նրա գործն է հնչեցնել այն բոլոր հարցերը, որոնք մտահոգում են հասարակությանը ու հարցազրույցը վարել այնպես, որպեսզի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչը ստիպված լինի դրանց բազմակողմանի ու անկեղծորեն պատասխանել»։

Բորիս Նավասարդյանը նկատել է նաև, որ «Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը փաստորեն որոշ չափով քաղաքականացրեց իր խոսքը, միգուցե ինչ-որ տեղ նրան պաշտպանի, որպեսզի դա չդիտարկվի որպես քաղաքական հետապնդում: Այդ առումով միգուցեև արդարացված էր ինչ-որ քաղաքական ձեռնոց նետելը, բայց նաև ես արդեն ոչ թե նկատի ունեմ Կառավարություն-Հանրային ռադիո հարաբերությունները, այլ ես այստեղ տեսնում եմ լուրջ խնդիրներ՝ ինչպիսին կլինեն հարաբերությունները Հանրային հեռարձակողի ներսում, քանի որ, ինչպես նշեցի, համոզված չեմ, որ Գարեգինը կունենա շատ համակիրներ, կամ եթե կան այդ համակիրները, ապա կունենան բավարար համարձակություն, որպեսզի նրա բարձրացրած խնդիրը՝ պրոֆեսիոնալ մասով, շեշտում եմ, կցանկանան հետապնդել։ Եթե հեռացնելու հրահանգ և այլն չլինի, աշխատանքը նման պայմաններում կարող է բավականին բարդ լինել Ռադիոյի տնօրենի համար»։
Նշենք նաև, որ 2019-ին, երբ Խումարյանն ընտրվեց ՀՌ-ի գործադիր տնօրեն, մամուլում հրապարակումներ եղան այն մասին, թե վերջինս ընտրվել է շնորհիվ Արա Շիրինյանի, որի հետ ունի մտերմիկ կապեր։ Սույն պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցած թեկնածուներից մեկն էլ՝ Հռիփսիմե Առաքելյանը, ֆեյսբուքյան գրառման մեջ մասնավորապես նշել էր՝ տնօրեն ընտրված Գարեգին Խումարյանը չի եղել վերջնական փուլ անցած 5 թեկնածուների թվում: Հռիփսիմե Առաքելյանի խոսքով՝ նրան «չանցածների ցուցակից» 2-րդ փուլ է բերել ու «խցկել» Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նորընտիր նախագահ Արա Շիրինյանը:
«Մեծապատիվ ընտրող հանձնաժողովի ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ, դուք էս կյանքում շանս ունեիք ինքնուրույն որևէ բան անելու, անեիք մի բան, որի համար ձեզ ոչ ոք չէր մեղադրելու,քանի որ դա ձեր լիազորությունների ու պարտականությունների շրջանակում էր, դուք միշտ սպասել եք, որ ձեզ զանգեն, կամ գան բան ասեն, դուք սովոր չեք ինքնուրույն գործելու, ընտրության իրավունքը ձերն էր հարգելիներս, խորհրդի նախագահը չէր, որ պետք է ձեզ ասեր ում ընտրեիք ու չանցածների ցուցակից իր ընկերոջը բերեր դեմ տար, ընտրեիք դե, ընտրեիք ինձ, կամ Տիգրանին, կամ ձեր ընկեր Ստեփան Զաքարյանին, կամ Լիլիթին, բայց դուք ընտրեիք, անեիք էլի, ապացուցեիք, որ դեռ սաղ եք, որ դեռ կաք, իսկ Գրիգոր Նազարյանին ի՞նչու խաբեցիք, երբ հանգիստ էդ մարդու անունը հանեցիք երկրորդ փուլի հնգյակից ու ուրիշ մարդ խցկեցիք ու հլու-հնազանդ ընտրեցիք, դուք պետք է հեռանաք այդ խորհրդից, ամուլ խորհուրդ է դա…բայց, ամենակարևորը, էլ չասեք, որ մեր երկրում մրցույթներն արդար են, թողեք հանգիստ մեր դարդով տապակվենք էլի, տղերքին էլ թողեք, թող բոլոր ախպերներին ու բաջանաղներին գործի տեղավորեն», -մասնավորապես գրել էր Առաքելյանը։

Հավելենք նաև, որ օրերս Խումարյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում, ի պատասխան հարցի՝ Դուք համաձա՞յն եք, որ չարաշահել եք Ձեր լիազորությունները, նաև, ինպես Խորհորրդն էր նկատել՝ օգտագործել Հանրային ռադիոընկերության կայքը՝ մասնավորապես պատասխանել էր՝ «Ես մեծ լրագրողական կոլեկտիվի մաս եմ, ես էլ այստեղ աշխատող լրագրողներից մեկն եմ, պարբերաբար գրում եմ ինչ-որ թեմաներով: Ես քիչ առաջ նայեցի՝ մոտ 10 հրապարակում ունեմ իմ սյունակի տակ, համենայնդեպս, մինչ այս որևէ խնդիր երբեք չի եղել»: Խումարյանը ընդունել էր նաև, որ «Հանրային ռադիոընկերության ղեկավարը և լրագրողներն առհասարակ իսկապես փոքր-ինչ կաշկանդված են քաղաքական բնույթի տեսակետներ արտահայտելու առումով, բայց ես չեմ խոսում քաղաքական բնույթի հարցերի մասին, ես խոսում եմ հարցերի մասին, որոնք մի աստիճան ավելի վերև են, քան քաղաքականությունը: Խոսքը գոյաբանական, օնթոլոգիկ, աքսեոլոգիկ բնույթի հարցերի շուրջ է, որոնք վեր են քաղաքականությունից, և լայն իմաստով դրանք են, որ պայմանավորում են քաղաքականությունը: Որպես այդպիսին՝ քաղաքականության մեջ չեմ մտել և այդ առումով ես գործել եմ ըստ մանդատի»:

Մեր սուբյեկտիվ դիտարկմամբ էլ Խումարյանի հոդվածը բավականաչափ քաղաքական էր թե՛ օգտագործված բառամթերի, թե՛ արտահայտված մտքերի, թե՛ տրված գնահատականների առումով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ