Օրենքում կուսություն ստուգելը սեռական բռնության ձև է. մնալով միջնադարում՝ չես կարողանա վերարտադրվել որպես ժողովուրդ. Թագուհի Ղազարյան

«Ընտանեկան բռնության» մասին օրենքը անկատար էր, քանի որ բազմաթիվ հանցագործություններ չէին ներառվում դրա մեջ։ Այս մասին Civic.am-ի եթերում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։

Օրենքում ավելացվել և նկարագրվել են «զուգընկեր» և «հետամտել» ձևակերպումները։ Ընտանեկան բռնության կարգավորումները տարածվում էին այն տիպի հարաբերությունների վրա, որոնք գրանցված էին քաղաքացիական ակտերով, բայց կան հարաբերություններ, որոնք դուրս էին մնում՝ ինչպես քաղաքացիական հարաբերությունները, զուգընկերները, որոնք դեռ միասին չեն ապրում, սակայն ունեն հարաբերություններ և այլն։

«Հետամտումն այնպիսի վարք է մի մարդու կողմից մյուսի վրա, որը ստիպում է մեկին փոխել իր վարքը։ Օրինակ՝ պարբերաբար աշխատանքի վայր գնալը, մեկի անունով սոցիալական էջեր բացելն ու այդ մարդու անունից հանդես գալը կամ իրերի վրա հետքեր թողնելը, պարբերաբար նվերներ թողնելը, որը անցանկալի է դիմացինի համար», — ասաց պատգամավորը։

Տեղի՞ն են արդյոք մտահոգությունները, որ սրանով «դուռ է բացվում» դեպի նույնասեռ ամուսնությունները կամ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը։ Ղազարյանն ասաց, որ օրենքը վերաբերում է նաև նույնասեռ զույգերին։ Եթե նույնասեռ զույգերի միջև է բռնություն տեղի ունեցել, ապա բռնության ենթարկողը պետք է ենթարկվի քրեական հետապնդման։

Ստամբուլյան կոնվենցիային անդրադառնալով էլ պատգամավորն ասաց, որ պատեհ պահին կառավարությունը կարող է կոնվենցիան ուղարկել խորհրդարան, բայց այժմ օրակարգում նման հարց չկա։

«Դա, ի վերջո, մարդու իրավունքների մասին խոսակցություն է, կանանց և երեխաների՝ բռնությունից զերծ մնալու մասին խոսակցություն, և ես չեմ հասկանում, թե այդտեղ ինչ խնդիր կա։ Մեր՝ «Ընտանեկան բռնության» մասին օրենքում բազմաթիվ հասկացություններ սահմանված են, որոնք, կարծես թե, նույնիսկ ծածկում են բոլոր խնդիրները, որոնց մասին, իբրև թե, պետք է կոնվենցիայով աշխատեինք։ Ես չեմ հասկանում, թե այդտեղ ինչ մեղադրանք կա»,- ասաց Ղազարյանն ու, անդրադառնալով միասեռ ամուսնություններին, նշեց, որ ՀՀ Սահմանադրությամբ է սահմանված, թե ովքեր կարող են ամուսնանալ միմյանց հետ։

Կուսություն ստուգելն էլ, օրենքն ամբողջությամբ ընդունելուց հետո, կբնութագրվի որպես սեռական բռնություն։ Ընդ որում, այժմ էլ օրենքով դա արգելված է, հանդիսանում է բժշկական գաղտնիք։

«Նույնիսկ էն մարդիկ, ովքեր ասում են՝ բա ո՞նց եք վերահսկելու, չեն վիճարկում, որ դա խնդրահարույց է… մենք նկարագրում ենք դա որպես բռնություն»։

Ղազարյանը նկատեց, որ սա լատենտային հանցագործություն է և դժվար բացահայտելի, բայց միայն այն, որ մարդը գիտի՝ իր արածը հանցագործություն է, ավելի կանխարգելող նշանակություն կունենա։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ