Փոխադարձ շնորհավորանք և ռազմավարական գործընկերության ամրապնդման հույս. հեռախոսազրույց են ունեցել Ալիևն ու Կոբախիձեն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վրացական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել։

Այս մասին, ըստ ադրմեջանական լրատվամիջոցների, հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Կոբախիձեն շնորհավորել է Ալիևին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել նրա գործունեության մեջ՝ հանուն Ադրբեջանի բարօրության», — նշվում է տեղեկատվության մեջ։

Ալիևը շնորհակալություն է հայտնել ուշադրության եւ շնորհավորանքների համար, իսկ իր հերթին շնորհավորել է Կոբախիձեին Վրաստանի վարչապետի պաշտոնում հաստատվելու կապակցությամբ։

Նախագահ Ալիևը և վարչապետ Կոբախիձեն վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը կշարունակեն զարգանալ և ամրապնդվել, ինչպես նաև մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության հեռանկարների շուրջ:

Բացի այդ, այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի և Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեի միջև։

Ինչպես հաղորդում է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը, Ալի Ասադովը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։

Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել Ադրբեջանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում բարեկամական հարաբերությունների զարգացումը և փոխշահավետ համագործակցությունը և հույս են հայտնել ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ