Պարտադիր մասնակցելու եմ նիստին, մեր կուսակցության նախագահը Արտակ Գալստյանն է. «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը հայտարարել է, թե անպայման մասնակցելու է լավագանու նիստին:

Ի պատասխան լրագրողների դիտարկմանը, թե Վարդան Ղուկասյանն օրերս հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ իր որոշմամբ որևէ մեկը չի մասնակցելու ավագանու նիստերին, Ավագյանը հայտարարեց.

«Մեր կուսակցության նախագահը Արտակ Գալստյանն է»:

Նշենք, որ «Հանրային ձայն» խմբակցությունից Երևանի ավագանու նիստին մասնակցում են Վահան Ավագյանն ու Վահե Եսայանը:

Վարդան Ղուկասյանը օրերս հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ փետրվարի 7-ին նախատեսված Երևանի ավագանու արտահերթ նիստ «Հանրային ձայն» ֆրակցիան չի մասնակցելու և քվորում չի ապահովելու այդ արտահերթ նիստի կայացման համար:

«Այս պահին կան շանտաժներ և ճնշումներ ավագանու անդամներից ոմանց վրա, որպեսզի այդ նիստը ամեն գնով կայանա: Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, եթե «Հանրային ձայն»-ի որևէ անդամ տրվի այդ շանտաժներին և մասնակցի նախատեսվող արտահերթ նիստին, նա ոչ միայն ամենավերջին պարսավանքին կարժանանա իմ կողմից, այլև իր կարիերան կավարտի նույն օրը»,-հայտարարել րէ նա:

Հիշեցնենք, որ այսօր կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգում է նաև Հայկ Մարությանին և ավագանու մի շարք ընդդիմադիր անդամների մանդատներից զրկելու հարցը:

Հիշեցնենք նաև՝ հունվարի 11-ի առավոտյան «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը ՌԴ քաղաքացիություն ունի, և այդ հիմքով դադարեցված է համարվում նրա անդամությունը կուսակցությանը։

Վարդան Ղուկասյանն էլ հայտարարել էր, որ եթե ինքը կուսակցությունում չլինի, այն կդադարի գոյություն ունենալ։

Այնուհետև «Հանրային ձայն» կուսակցության համագումարին տեսակապով մասնակցած Վարդան Ղուկասյանը հայտարարել էր կուսակցությունից հրաժարվելու և նոր կուսակցություն ստեղծելու մասին, որն անվանել է ԴՕԿ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ