Ֆեյսբուք սոցիալական ցանցով տեղեկություններ են տարածվում, թե «փակվում են Վարդենիս համայնքի կադաստրի բաժինները, մեկ ամսից փակվելու են հոսպիտալն ու հոգեբուժարանը՝ ինչպես նաև անձնագրային բաժինը»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ևս անդրադարձել է անձնագրային բաժինների փակմանը՝ նշելով, թե իշխանությունը խոշորացնելու, կրճատումների, բարեփոխումների, օպտիմալացման անվան տակ հեռավոր քաղաքներից ու գյուղերից ամեն կառույց հանում է։
«Նպատակը ենթադրելի է, բայց փաստն այն է, որ սահմանամերձ բնակավայրերը այսպիսով դատարկվում են պետության «բարձր հովանու ներքո»: Իսկ 2021-ին պայծառ ապագա էիք խոստանում մեր ժողովրդին՝ խաբեբաներ…», — գրել է Թովմասյանը։
Կադաստրի կոմիտեից Сivic.am-ին տեղեկացրին, որ Կադաստրի կոմիտեի «Վարդենիս» սպասարկման գրասենյակի պետ Գրիշա Աղաջանյանը մինչև սույն թվականի փետրվարի 28-ը գտնվում է արձակուրդում, իսկ գրասենյակը շարունակում է իր բնականոն աշխատանքը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից էլ՝ պատասխանելով Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի փակվելու մասին մեր հարցին ասացին, որ չկա և չի եղել նմանօրինակ որևէ քննարկում։
Ինչ վերաբերում է անձնագրային բաժինների փակմանը՝ ՆԳՆ-ից հայտնեցին, որ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումների օպտիմալացման վերաբերյալ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստեղծումով միգրացիայի կառավարման ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։
«Այս համատեքստում նպատակ է դրվել տարածքային անձնագրային ծառայությունները վերածելու Ծառայության տարածքային ստորաբաժանումների, որտեղ կմատուցվեն ոչ միայն անձնագրային, այլ Ծառայության գործառույթների տիրույթում այլ ծառայություններ՝ կացության կարգավիճակների դիմումների ընդունում, ապաստանի հայցերի ընդունում, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների ընդունում և այլն։ Այս մոտեցումը հնարավորություն կտա քաղաքացիներին և օտարերկրացիներին ծառայություններից ավելի ճկուն տարբերակով օգտվելու և վերացնելու նշված դիմումները ներկայացնելու համար պարտադիր Երևանի գլխամասային գրասենյակ մոտենալու անհրաժեշտությունը»,- ասված է ՆԳՆ պատասխանում։
Ըստ ՆԳՆ-ի՝ անձնագրային ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն յուրաքանչյուր քաղաքացու պարագայում առաջանում է մի քանի տարին մեկ անգամ, և, օրինակ, անձնագիրը ստանդարտ ընթացակարգով, տրամադրվում է 10 տարի ժամկետով։
«Օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության նշումը /ելքի կնիք/ չեղարկվել է ս.թ. հունվարի 1-ից, ինչով ևս վերացել է տարին մեկ անգամ անձնագրային ծառայություն այցելելու անհրաժեշտությունը։ Կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման պետություն- մասնավոր համագործակցության ձևաչափով իրականացվող ծրագրով նախատեսված է յուրաքանչյուր մարզում հիմնել մեկ անձնագրային ստորաբաժանում, որի շրջանակում նախաձեռնվել է ստորաբաժանումների օպտիմալացում՝ թիվը 63-ից հասցնելով 47-ի։ Այս համատեքստում, Գեղարքունիքի մարզում Վարդենիսի անձնագրային ծառայությունը (ք. Վարդենիս, Լ.Ազգալդյան փ. 6) նախատեսվում է միացնել Մարտունու անձնագրային ծառայությանը (Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Մյասնիկյան փ., շ. 9)։ Փոփոխությունների արդյունքում ծառայության անվանումը կլինի ՄՔԾ Մարտունու բաժին»։
Ստացվում է, որ անձնագրային բաժինը Վարդենիսում իրոք փակվում է, բայց փակվում է ոչ միայն Վարդենիսում (ինչպես չէր փակվում միայն Մեղրիում), այլ ընդհանուր բարեփոխումներ են տեղի ունենում Հայաստանի ողջ տարածքով։ Եվ ներկայացնել այս գործընթացը, ինչպես Վարդենիսը, Մեղրին և սահմանամերձ որոշ համայնքներ նպատակադրված դատարկելու կոնտեքստում՝ պարունակում է քաղաքական նպատակներ և հուզական ֆոնով շահարկվում են։
Ավելին՝ անձնագրային բաժինները ոչ թե փակվում են՝ այլ միավորվում տարածքային ծառայությունների մեջ, որտեղ քաղաքացիներին նաև այլ ծառայություններ կմատուցվեն՝ մեկ վայրում։