Երևանի ավագանու իրավական հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ընդդիմադիր մի քանի անդամի մանդատից զրկելու նախագծերին։
Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ներկայացրեց նախագիծը՝ շեշտելով, որ համատարած բոյկոտի տրամաբանություն է տիրում, և հենց այդ նպատակով են կիրառվելու օրենքի սանկցիաները, քանի որ բոյկոտներից տուժում է միայն քաղաքի կառավարումը։
«Կարելի է մի հարցի վերաբերյալ քաղաքական դիրքորոշման պատճառով բոյկոտել, բայց պարբերաբար բոյկոտը քաղաքի կառավարմանն է խանգարում»,- նշեց նա։
Հիշեցնենք՝ առաջարկվում է դադարեցնել Երևանի ավագանու անդամներ Հայկ Մարությանի, Գևորգ Ստեփանյանի, Նարինե Հայրապետյանի, Զարուհի Փոստանջյանի և Սոնա Աղեկյանի լիազորությունները՝ ավագանու նիստերից անհարգելի բացակայելու և քվեարկությունների՝ ավելի քան կեսին կամ հանձնաժողովի նիստերի կեսին չմասնակցելու համար։