«Հայաստանի պատմություն, թե հայոց պատմություն. թվում է թե պարզ հարց է, բայց դուք գնացիք հասաք այլ թեմաների, որոնք սրա հետ ընդհանրապես կապ չունեն»:
Այս մասին այսօր՝ Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով ընդդիմությանը:
«Ի դեպ, ես ուզում եմ հիշեցնել, որ դաշնակցության միանձնյա կառավարման շրջանում՝ առաջին հանարապետության օրոք Հայաստանը կորցրել է իր տարածքների մեծ մասը, որոնք անցել են Թուրքիային, հետո էլ կորցրել է իր անկախությունը: ՔՊ-ն չէր չէ՞ 1920 թվականի կառավարում, երբ որ Հայաստանը կորցրեց իր անկախությունը»,- նշեց Ռուբինյանը:
Ապա կրկին անդրադառնալով այդքան քննարկվող Հայաստանի պատմություն, թե հայոց պատմություն թեմային, հարցրերց՝ Հայաստան բառի հետ ի՞նչ խնդիր ունեք.
«Ես մտածում եմ, որ հայ ժողովրդի պատմությունը պատմություն է մի ժողովրդի մասին, որը միշտ պայքարել է պետություն ունենալու համար, պարբերաբար պետականությունը կորցրել է՝ չի վհատվել, դարեր շարունակ պահել է պետականության երազանքը և գաղափարը և տարբեր կետերում գտել է այդ պետականությունը և ի երջանկություն բոլորիս հիմա էլ մենք ապրում ենք ազատ և անկախ Հայաստանում, խնդիրը ո՞րն է»:
Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք հայ ժողովրդի պատմությունը և Հայաստանի պատմությունը տարբեր բաներ են:
«Իմ կարծիքով դա նույն բանն է, հարցը հետևյալն է, թե մենք որ դիտանկյունից ենք դիտում մեր պատմությանը: Արդյո՞ք մենք կարծում ենք, որ կա ինչ-որ առանձին հայ ժողովրդի պատմություն, որը նույնական չէ Հայաստանի պատմության հետ, ես կարծում եմ՝ ոչ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: