«Մենք ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր մասնագետ կարող է իր կարծիքն արտահայտել ու նախաձեռնությամբ հանդես գալ»։
Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ արձագանքելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե ինչո՞ւ է նախարարությունը խախտում պատգամավորական իրավունքներն ու տեղեկություն չի տրամադրում՝ ի պատասխան իր ուղարկած հարցմանը, որով նա հետաքրքրվել է, թե ի՞նչ գրավոր նամակ է ուղարկվել ԿԳՄՍՆ, պատմության դասագրքի անվանափոխման վերաբերյալ։
«Եթե կարծում եք, որ որևիցե կերպ խախտվել է ձեր իրավունքները, ապա կա ամբողջ գործիքակազմ այդ իրավունքների խախտման մասով համապատասխան ընթացակարգ նախաձեռնելու համար։ Նախարարությունը երբևէ չի հայտարարել, որ որևիցե մեկի կողմից նամակ կամ գրավոր դիմում է ստացել, խոսքը գանցել է այն մասին, որ ամենատարբեր ձևաչափերով ու քննարկումներով մասնագետների կողմից բարձրաձայնվել է առարկայի անվան հետ կապված հարցը, հետևաբար այստեղ ամեն ինչ պարզ է։ Նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որի հեղինակը ինքն է, մասնագետների թիրախավորումն ու հաշվի առնելով այն անառողջ մթնոլորտը , որը ձևավորվում է կոնկրետ ուղղորդված շջականկների կողմից, ուղղակի անթույլատրելի է ու ես չեմ պատրաստվում որևիցե մասնագետի անուն տալ, որը կհայտնվի այն նույն իրավիճակում, ինչ որ հայտնվեց պատմության դասագրքի հեղինակը, որի անձնային թիրախավորումներն ու ամենատարբեր հարձակումները մինչև այսօր շարունակվում են։ Եթե թիրախ եք փնտրում, այդ թիրախը կանգնած է այստեղ»,– պատասխանեց նախարարը։
Նրա խոսքով՝ այդ թիրախավորումներից է դասագիրքն անվանափոխելու հանրային քննարկման հարթակում բազմաթիվ լատինատառ գրառումներն ու հայհոյանքները․ «Անվանել դա քննարկում կամ ռացիոնալ դիտարկում ես շատ կդժվարանամ ու ընդհանրապես կդժվարանամ հասկանալ, թե ինչպես է հայրենասիրությունից խոսում մարդ, ով նույնիսկ հայերեն չի գրում։ Ինչ վերաբերվում է փաստարկներին, ապա մենք մանրամասն քննարկում ենք և հենց դրա համար էլ դա հանրային քննարկման հարթակ է, որ այնտեղ ներկայացվեն տարբեր դիրքորոշումներ ու կարծիքներ»։