Հոգով չեկիստները

«Ես պատվավոր չեկիստ եմ», «Я кадровый чекист»։ Այս խոսքերից մեկի հեղինակը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է, մյուսը՝ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Չեկիստ» նեղ իմաստով՝ ռուսերեն «Чрезвычайная комиссия» (ЧК) («Արտակարգ հանձնաժողով») բառերի ռուսերեն հապավումն է և որպես առանձին բառ տարածվել էր ամբողջ խորհրդային տարածքում և նշանակում էր արտակարգ հանձնաժողովի անդամ, աշխատող, հանձնաժողովի որոշումների կատարող: «Արտակարգ հանձնաժողովը» ստեղծվել էր բոլշևիկների իշխանության գալուց անմիջապես հետո հատուկ հակահեղափոխության դեմ պայքարելու նպատակով և կոչվում էր «Հակահեղափոխության և սաբոտաժի դեմ պայքարի արտակարգ հանձնաժողով»։ Մի խոսքով, «չեկիստները» համարվում էին Խորհրդային միության այսպես ասած ներքին պահապանները։ Հենց «չեկիստների» ձեռքով էին չեզոքացվում և ոչնչացվում այն մարդիկ, ովքեր չէին կիսում բոլշևիկյան, խորհրդային գաղափարախոսությունը, կամ պայքարում էին սեփական հայրենիքի անկախության համար։ Հենց «չեկիստների» ձեռքով են նաև ոչնչացվել բազմաթիվ հայտնի և նշանավոր հայեր։

Խորհրդային միությունը վաղուց արդեն չկա, սակայն հոգով չեկիստները փաստացի դեռ կան ու առանցքային պաշտոններ են զբաղեցրել գուցե նաև հիմա էլ զբաղեցնում են այն կառույցներում, որոնք կոչված են պաշտպանել երկրի, տվյալ դեպքում Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունը։

Իհարկե տրամաբանության մեջ մի քիչ բարդ է պատկերացնել, թե ինչպես կարող է մարդը, որը հոգով «չեկիստ» է և հպարտանում է դրանով՝ ծառայել մի երկրի, թեկուզ իր հայրենիքին։ Բայց փաստը մնում է փաստ, որ «չեկիստներն» այսօր դեռ կան և շարունակում են գործել։

Մարդկությունը տասնամյակներ շարունակ պայքարել և հասել է նրան, որ աշխարհն ավելի բաց է դարձել, հասարակություններն ավելի ազատ։ Իսկ «չեկիստի» համար ավելի վտանգավոր բան քան ազատ հասարակությունն է՝ լինել չի կարող։ Նրանք իրենց ավելի լավ են զգում միայն փակ ու ոչ ժողովրդավար իրականության պայմաններում։ Բռնապետական իրականության պայմաններում նրանք իրենց տարերքի մեջ են հայտնվում։

Վանեցյանները, Վլադիմիր Գասպարյանները հենց այդ դպրոցն են անցել, չեկիստանակ դպրոցում են կրթվել, այնտեղ են աշխարհի, պետությունների ու մարդու մասին պատկերացումներ ստացել։ Բնական է, որ նրանք չեն փոխվելու և միշտ մնալու են հոգով չեկիստ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ