Բաքուն և Երևանը կարող են հասնել խաղաղության, եթե Հայաստանը փոփոխություններ կատարի երկրի Սահմանադրության և այլ իրավական փաստաթղթերում. Ալիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո արդեն գոյություն ունի խաղաղություն. մի քանի ամիս է՝ երկու երկրների սահմանին խաղաղ իրավիճակ է՝ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպմանը հայտարարել է Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նշել է՝ այդ գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է կնքել խաղաղության պայմանագիր:

Նա անդրադարձել է նաև Հայաստանի Անկախության հռչակագրին, նշել, թե փաստաթղթում կան ուղղակի կոչեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու վերաբերյալ:

«Այդ փաստաթղթի հղումներն արտացոլված են Հայաստանի Սահմանադրության մեջ: Հայաստանի մյուս նորմատիվ իրավական փաստաթղթերում առկա են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, բազմաթիվ հռչակագրերում և այլ փաստաթղթերում, որոնց միացել է Հայաստանը, կան բազմաթիվ կետեր, որոնք խոսում են Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության չճանաչման մասին»,- ասել է Ալիևը:

Նա հավելել է, թե միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցերի հիմքը ևս Երևանի կողմից Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության չճանաչումն է: Ալիևի խոսքով՝ խաղաղության կարելի է հասնել այդ պահանջների դադարեցման, Հայաստանի Սահմանադրության և այլ նորմատիվ իրավական փաստաթղթերի մեջ փոփոխություններ կատարելու դեպքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ