Ադրբեջանը փակուղի է մտցրել խաղաղության գործընթացը, իսկ Թուրքիան այս դեպքում խաղում է ապակայունացնող դեր․ թուրքագետ

Թուրքիայի ՊՆ նախկին ղեկավար, ներկայում պատգամավոր, Ազգային Մեծ ժողովի պաշտպանության կոմիտեի նախագահ Հուլուսի Աքարն այցելել է Բաքու և լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, թե որոշ երկրներ Հայաստանը ցանկանում են «պրոքսի պետություն» դարձնել, և հերթական անգամ սպառնացել է Հայաստանին։ «Եթե Հայաստանը հետևի նրանց ասածին, կարող է հայտնվել նույն իրավիճակում, ինչ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ստացավ լուրջ հարված»։

Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը՝ թուրքագետ Նելլի Մինասյանն ասաց, որ նմանատիպ հայտարարությունները, մի փոքր ավելի թույլ արտահայտչաձևով, նույն բովանդակության մաս են կազմում, երբ որ Թուրքիան շարունակում է Հայաստանի նկատմամբ իր ճնշումների քաղաքականությունը։

«Դա կրկին այն գործընթացն է, որ տեսնում ենք վերջին ամիսների ընթացքում, երբ որ Թուրքիան անգամ ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարեց Հայաստանի հետ կապված՝ դա հիմնականում պայմանավորելով Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» կնքմամբ, բայց բացահայտ տարբեր մակարդակներով խոսելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Այսինքն՝ այդ ճնշման քաղաքականության համատեքստում պետք է դիտարկել այդ բոլորը և պետք է նկատի ունենալ, որ Թուրքիան շահագրգռված չի, որպեսզի Հայաստանը զարգացնի իր հարաբերությունները արևմտյան պետությունների հետ»,- ասաց թուրքագետը։

Նելլի Մինասյանի կարծիքով՝ Աքարը որոշ երկրներ ասելով նկատի ունի Արևմուտքը, ընդհանուր արևմտյան համակարգը։ Վերջինս նշեց, որ Հայաստանը, որքան էլ փորձի դիվերսիֆիկացնել իր քաղաքականությունը, և բնականաբար դա պետք է այս դեպքում արվի ոչ տարածաշրջանային երկրների հետ, այսինքն՝ այս դեպքում մենք մեծ ընտրության հնարավորություն էլ չունենք, բնականաբար դա պետք է լինի այլ ուղղություններով, մասնավորապես արևմտյան ուղղությամբ, և դա շատ ակնհայտ է, Թուրքիան բազմաթիվ անգամ է նշել, որ չի ցանկանա, որ այս տարածաշրջանում ավելի շատ լինի արևմտյան ազդեցությունը։ Թուրքագետը նշեց, որ, բնականաբար, տարածաշրջանի երկրների հետ խնդիրներ կարգավորելը Թուրքիայի համար շատ ավելի հեշտ կլինի, քան թե Արևմուտքի հետ։

Հուլուսի Աքարը նաև խոսել է տարածաշրջանում խաղաղության մասին և ասել է. «Մեր հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության ապահովումն է։ Այս տեսանկյունից մենք փորձում ենք ապահովել, որ Հայաստանին ուղղված Ադրբեջանի խաղաղության առաջարկը հնարավորինս շուտ ընդունվի Երևանի կողմից և հնարավորինս արագ կայունություն ապահովվի տարածաշրջանում»։ Այս առնչությամբ Նելլի Մինասյանն ասաց, որ նրա այդ արտահայտությունն ուղղակի պետք է դիտարկել հերթական արտահայտությունների համապատկերում. նախ բոլոր գործընթացները ցույց են տալիս, որ խաղաղության գործընթացով ավելի շատ շահագրգռված է Հայաստանը, քան թե Ադրբեջանը, որը կոնկրետ արդեն փակուղի է մտցրել այդ գործընթացը, իսկ Թուրքիան այս դեպքում խաղում է ապակայունացնող դեր. եթե թուրքական կողմն իսկապես անկեղծորեն ցանկանում է, որ Հարավային Կովկասում լինի խաղաղություն, ապա եթե մի փոքր անգամ չհովանավորի Ադրբեջանին, այդ խաղաղության գործընթացը ռեալ կդիտվի, իսկ այս դեպքում դա ուղղակի տեսանելի չէ։

Թուրքագետը կարծում է, որ Թուրքիային այդ աշխարհաքաղաքական գործընթացների համապատկերում պետք չի տարածաշրջանում խաղաղություն, որովհետև նրանք մտածում են, որ կարող են դեռ ստանալ էլ ավելին։ Իսկ թե այս իրավիճակում որը պետք է լինի Հայաստանի անելիքը, թուրքագետն ասաց, որ իրականում բարդ իրավիճակ է, որովհետև Հայաստանն այս պարագայում չունի հիմնական դաշնակցի աջակցությունը, և ըստ էության այլ հիմնական դաշնակիցներ այս ժամանակահատվածում կամ չի ստացվել, կամ չի կարողացել ձեռք բերել, և դա հեշտ կազմակերպվող գործընթաց չի։

«Իմ կարծիքով՝ Հայաստանն այս իրավիճակում ինչ-որ արմատական հայտարարություններից, արմատական գործողություններից զերծ պետք է մնա։ Հայաստանն այսօր պատրաստ է խաղաղության գործընթացի քննարկումների և այլն, և պետք է այս գիծը շարունակի։ Եվ դրա տակ ամենակարևոր գործընթացը պետք է լինի ռազմական բալանսի վերականգնումը, այնուհետև քաղաքական բալանսի կամ դրանք զուգահեռաբար, և միայն այս դեպքում հնարավոր կլինի իրական խոսակցություններ տանել խաղաղության կամ ինչ-որ գործընթացների մասին»,- ասաց թուրքագետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ