Ինքնաթիռին կայծակ է հարվածել՝ օդաչուն պատմել է 41 մարդու կյանք խլած ավիավթարի մասին

Մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում կոշտ վայրէջքից հետո հրդեհված SSJ-100 ինքնաթիռի օդաչու Դենիս Եվդոկիմովը պատմել է 41 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարի մանրամասները:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, օդաչուի խոսքով՝ ինքնաթիռին իսկապես կայծակ է հարվածել:

«Վառ լուսարձակում, ճայթյուն: Դրա հետևանքով ինքնաթիռը կորցրել է ռադիոկապն ու անցում կատարել ուղիղ կառավարման ռեժիմին: Վայրէջքի ժամանակ արագությունը մեծ չէր, սովորական էր»,-պատմել է Եվդոկիմովը:

Օդաչուն հավելել է, որ հրդեհը սկսվել է վայրէջքից հետո:


Ավիաաղետի պաշտոնական պատճառը դեռևս չի հայտարարվել: Այժմ շրջանառվում է մի քանի վարկած, համաձայն որոնց՝ հրդեհը բռնկվել է, երբ օդանավը վայրէջքի ժամանակ քթով հարվածել է թռիչքուղուն, կամ որ վայրէջքից հետո ինքնաթիռը վնասվել է, շարժիչները բռնկվել են: Մինչդեռ «Շերեմետևո»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հրդեհը բռնկվել է կոշտ վայրէջքից հետո: Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ էլ՝ հրդեհը սկսվել է կայծակի հարվածի պատճառով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ