«Քոքամաշեցման» նոր մարտավարությունը. մինչ դատարանը քննում է Սեյրան Օհանյանի, Լևոն Քոչարյանի ապօրինի գույքի գործը, նրանք գույքագրում են մարզերի բնակիչների խնդիրները

Փողոցային անպտուղ ու «քոքամաշ» պայքարի դառը փորձը (դեռ ամիսներ առաջ էինք նկատել) ստիպել է «Հայաստան» խմբակցությանը և դրա փաստացի ղեկավարին վերանայել իշխանափոխության համար մղվող պայքարի մարտավարությունը։ Քոչարյանի պատգամավոր դարձած որդի Լևոն Քոչարյանն էլ մանդատն ստանալուց ժամանակ անց խոստովանել էր՝ փոխել են պայքարի մարտավարությունն ու «սեփական օրակարգով» վերադարձել ԱԺ, որպեսզի «իշխանության սխալները վեր հանեն»։ Սա ենթադրում է, որ քոքամաշման «ֆասթ»՝ «այստեղ և հիմա», գործիքը ընդդիմությունն այժմ փոխարինել է այլ՝ «ծիխարի» գործիքով՝ փորձելով քոքամաշումն իրականացնել վերբալ՝ խոսքի ու հայտարարությունների միջոցով, ինչպես, օրինակ, նախահեղափոխական Հայաստանում էր, երբ ընդդիմադիր պայքարն ունենում էր փողոցային բռնկումներ՝ միտինգներ, պիկետներ և այլն, ու համեմատաբար հանդարտ շրջաններ։

Նկատենք, որ «Դիմադրություն» անփառունակ շարժումը, որը նույնությամբ կրկնում, եթե չասենք՝ կապկում էր թավշյա հեղափոխության օրերին ծավալված փողոցային պայքարի ձևն ու մեթոդները, ինչպես հայտնի է՝ զրոյական արդյունք ունեցավ։ Ընդդիմադիրները փեշները թափ տալով վերադարձան ԱԺ-ի իրենց սեղան-աթոռներին՝ տեր կանգնելու իրենց աշխատավարձին։ Այժմ էլ, փաստորեն, ընդդիմությունը որոշել է կրկնօրինակել նախահեղափոխական շրջանի ընդդիմության, այսինքն՝ ժամանակին իր դեմ պայքարած ընդդիմության մարտավարությունը՝ պոռթկման նոպաներ ունենալուց զատ կիրառել «կաթիլը քար է ծակում», եթե կուզեք՝ մաշում, մեթոդը։

«Մեր բնակչության զգալի հատվածի համար կտրուկ գործողությունները կարող է լավ չեն ընդունվում, ուզում են ավելի շատ խոսք, բանավեճ ու փաստարկված մոտեցումներ տեսնել, և փողոցային գործողություններին զուգահեռ, սա էլ ինչ-որ ձև է՝ ցույց տալու իշխանության սխալները»,- դեռ դեկտեմբերին նշել էր կրտսեր Քոչարյանը՝ միաժամանակ հավելելով՝ բավարարված չէ այն աշխատանքներով, որոնք անում է ընդդիմությունը։

ԱԺ-ում մասնավորապես «Հայաստան» խմբակցության աշխատանքներին ուշադիր հետևող ընթերցողը նկատած կլինի, որ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ առանձնահատուկ ակտիվ է նաև նորաթուխ պատգամավոր Քոչարյանը և, ձայնակցելով խմբակցության մյուս անդամներին, փորձում է ապացուցել իրենց հռչակած թեզերը՝ «Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հողատու ու դավաճան» է, այլև «ձախողակ»՝ ձախողել է ոչ միայն Արցախի հարցի լուծումը, այլև խաղաղության օրակարգը, խոստում, ինչի համար էլ 2021-ին ստացել էր ժողովրդի քվեն։ (Լևոն Քոչարյանն, անշուշտ, այսքանն ասելուց հետո պետք է միտքը տրամաբանական ավարտին հասցներ՝ պահանջելով կառավարության գլխի հրաժարականը, սակայն նա դա չի անում, քանի որ գիտի հաջորդ պահին ի հայտ եկող հարցադրումը՝ իսկ ո՞վ է փոխարինելու Փաշինյանին վարչապետի պաշտոնում, տվե՛ք վարչապետացուի անունը։ Այդ անունն, ի դեպ, ընդդիմությունն այս ողջ ընթացքում, երբ իշխանափոխության հարց է բարձրացնում, ռիսկ չի անում նշել՝ հավանաբար ժողովրդի կոլեկտիվ նախատինքին չարժանանալու ահից)։

Նախորդիվ արդեն հայտնել ենք, որ պայքարի մարտավարությունը փոխած «Հայաստան»-ականները թափառաշրջիկի «ցուպը» ձեռքներն առած մարզեմարզ են շրջում, հանդիպում քաղակտիվին՝ հասկանալով, որ «եթե սարը չի գալիս Մուհամեդի մոտ, ուրեմն Մուհամեդն է գնում սարի մոտ»։ Տոներից հետո, ահա, ընդդիմադիր պատգամավորները վերսկսել են մարզային շրջայցն ու տեղի ակտիվի հետ հանդիպումները։ Անցած շաբաթավերջին՝ հունվարի 26-ին, Սեյրան Օհանյան, Լևոն Քոչարյան, Լիլիթ Գալստյան, Մհեր Մելքոնյան քառյակը Գյումրիում էր՝ ՀՅԴ Շիրակի կազմակերպության «Շիրվանյան» կենտրոնում։ (Շիրակի մարզը Մելքոնյանի հայրենի եզերքն է)։ «Սեյրան Օհանյանը նախ ընդհանուր գծերով ներկայացրեց արտաքին քաղաքականությունների հետևանքով երկրի առջև կանգնած անվտանգային ապառնալիքները, անդրադարձավ նաև այն ռեսուրսներին և երաշխիքներին, որոնք իրապես ի զորու են երկրում կայունություն և խաղաղություն ապահովել»,-այցի մասին գծուծ իրազեկում է տարածել ՀՅԴ-ի պաշտոնական կայքն ու հավելել. «Հայաստանի տագնապալի ներկայի, անորոշ ապագայի, անվտանգային խնդիրներին վերաբերող հարցերի կողքին բազմաթիվ էին նաև արցախահայության չլուծված սոցիալ-տնտեսական հիմնահարցերի շուրջ մտահոգությունները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց բարձրացված սոցիալական խնդիրները գույքագրել և քննարկել խմբակցության աշխատանքային խմբում»։

Փաստորեն, երկրում պարբերաբար ներքաղաքական անկայունություն հրահրող, սահմանային ամեն հերթական լարումից հետո հրապարակներ, Կառավարության շենքի դիմաց վազող ու իշխանափոխության դրոշակը թափահարող քաղաքական ուժն ու այն կառավարող սուբյեկտները գիտեն, թե ինչ պետք է անել, որպեսզի երկրում կայունություն ու խաղաղություն ապահովվի, նույնիսկ համապատասխան ռեսուրսների ու երաշխիքների մասին են հանրության հետ կիսվում։ Հուշում ընդդիմությանը՝ կայունություն ունենալու համար առաջին նախապայմանը այն չխաթարելն է, մի բան, որով զբաղված է ընդդիմությունը՝ իրագործելու ռևանշի իր գերնպատակը։

Ինչ վերաբերում է խաղաղությանը և դրան հասնելու երաշխիքներին, ապա ակնկալում ենք, որ պարոն Օհանյանն ու նրա մյուս գործընկերները ԱԺ-ում առաջիկա օրերին լսումներ հրավիրեն այս թեմայով և ոչ միայն շիրակցի մեր հայրենակիցներին, այլև համայն հայությանը դրույթներով, կետերով, ենթակետերով ներկայացնեն իրենց պատկերացրած խաղաղության ծրագիրը, ապացուցեն, որ այն ավելի ազգանպաստ է, հայաստանամետ ու մրցունակ, քան այն օրակարգը, որի շուրջ այժմ ընթանում են բանակցությունները, ներկայացնեն այդ փառահեղ ծրագրի իրագործման գործողությունների պլանն ու ժամանակացույցը։ Համոզված ենք՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, խաղաղության հասնելու ծրագիր ներկայացնելու դեպքում իշխանափոխությունը խաղուպար է լինելու։ Իսկ նախքան այդ արձանագրենք՝ ով կմտածեր, որ չնայած երիտասարդ տարիքին՝ ահռելի գույք ունեցող, Հակակոռուպցիոն դատարանի առաջ կանգնած Քոչարյան ընտանիքի անդամը մարզեմարզ կշրջի ու կգույքագրի շարքային քաղաքացիների սոցիալական խնդիրները։ Գույքատերը, որի գույքի օրինականությունը վիճարկվում է, փաստորեն, ուրիշների խնդիրների գույքագրմամբ է զբաղված։ Նույնը կարելի է ասել նաև Սեյրան Օհանյանի մասին, որին պատկանող ապօրինի գույքի բռնագանձման գործը արդեն մի քանի ամիս է՝ դատարանում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ