Սա պատվեր է, իսկ եթե՝ ոչ, ապա արդեն հիմարության է հասնում այս կեղծ գաղափարախոսությունը. Նինա Կարապետյանց

Համացանցում տեսանյութ է շրջանառվում, որում մի քաղաքացի, անգլերեն մի քանի բառ իրար կապկպելով, դիտողություն է անում Երևանի այգիներից մեկով քայլող և գարեջուր խմող Հնդկաստանի քաղաքացուն՝ ասելով, որ Հայաստանում չի կարելի դրսում գարեջուր խմել:

Հնդկաստանի քաղաքացին առանց հանդիմանելու համաձայնության նշան է ցույց տալիս այդ քաղաքացուն: Դիտողություն արած քաղաքացին այնուհետև իր արածից գոհ հայտարարում է, որ այգու անվտանգության աշխատակիցները ոչինչ չեն արել, ուստի ստիպված ինքն է անում դա, քանի որ երեխաների հետ է և լավ գիտի, թե ինչ են անում հնդիկները մեկ շիշ խմելուց հետո:

Տեսանյութը լայն արձագանքել է գտել օգտատերերի շրջանում․ ոմանք քննադատում են հայ երիտասարդին՝ նման քայլը համարելով սխալ, Հայաստանի հեղինակությանը հարվածող արարք, մի որոշ մասն էլ կարծում է, որ նա ճիշտ է վարվել:

Նկատենք, որ սա հանրային հնչողություն ստացած երկրորդ դեպքն է, երբ հնդիկ քաղաքացիները Հայաստանում ենթարկվում են խտրական վերաբերմունքի․ ամիսներ առաջ էլ մի տղամարդ մոտեցել էր Երևանում առաքիչ աշխատող հնդիկ քաղաքացուն և սեռական բնույթի հայհոյանքներ հղելով՝ նրան ստիպել հագից հանել ՀՀ ԶՈՒ զինվորական համազգեստի նախշերի նման նախշեր ունեցող բաճկոնը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին՝ գարեջրի հետ կապված միջադեպին, կարծիք է հայտնում, որ սա կա՛մ անձի ինքնահաստատման փորձ է, կա՛մ պատվեր՝ ուղղված Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների վատթարացմանը:

«Մարդիկ կան, որ մեծանում են, բայց իմաստությունը նրանց տարիքի հետ չի ավելանում: Կամ սա պատվեր է պարզապես։ Շատ հաճախ մեր հարևանները Հայաստանին թիրախավորում են և ասում, որ Հայաստանը մի տեսակ միատարր ժողովուրդ է, ի վիճակի չէ հարևանների հետ լավ ապրել: Մեզնից բացի, չենք կարողանում այլ ազգիների հետ, այսպես ասած, յոլա գնալ։ Այս իմաստով սա կարող է այդ նպատակը հետապնդել։ Իսկ եթե պատվեր չէ, ապա արդեն հիմարության է հասնում, թրենդային վիճակ է սրտիկներ, լայքեր, ստանալու համար, կեղծ գաղափարախոսություն է, որը շատ վտանգավոր է և Հայաստանի վարկանիշի վրա ազդող բացասական երևույթ»,- ասում է նա։

Իրավապաշտպանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նմանատիպ տհաճ միջադեպեր Հայաստանում գտնվող այլ երկրների զբոսաշրջիկների հետ դեռևս չեն գրանցվել: Վերջինս միայն մեկ դեպք է մտաբերում ՌԴ քաղաքացիների հետ կապված, որոնց քայլը իսկապես եղել է հակաօրինական (Տե՛ս՝ այստեղ): Կարապետյանցը Հնդկաստանի քաղաքացիների դեմ ուղղված ակնհայտ թիրախավորում է նկատում։ Ըստ նրա՝ ուշագրավ է այն, որ սա արվում է Հնդկաստանի հետ Հայաստանի ռազմական հարաբերությունները ամրապնդելու ֆոնին և նպատակ ունի բացասական առումով ազդելու այդ հարաբերությունների առաջխաղացման վրա:

«Կան երկրներ, որոնք ունեն արժանապատվության զգացում, և եթե իրենց քաղաքացիների նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք կա որևէ երկրում, ապա կարող են վերաբերմունք փոխել հենց տվյալ երկրի նկատմամբ։ Ողջամիտ կասկածներ են առաջանում, որ կարող է այս ամենը միտումնավոր արվել։ Հնդիկները ամենահանգիստ, խելոք, պարկեշտ, ջանասեր, իսկապես շատ հրաշալի ժողովուրդ են»,- նկատում է նա:

Խոսելով փողոցում ալկոհոլ օգտագործել-չօգտագործելու հետ կապված՝ իրավական կարգավորումների մասին՝ իրավապաշտպանը նկատում է՝ Հայաստանում չկա օրենք, որը արգելում է փողոցում ալկոհոլային խմիչք օգտագործելը, բացառությամբ, եթե չի խախտվել հասարակական կարգը։

Այսպես, օրինակ, եթե դիտարկում ենք վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 175 հոդվածի (Հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելը կամ ոչ սթափ վիճակում հայտնվելը) 1-ին մասը՝ ոգելից խմիչքներ օգտագործելը փողոցներում, մարզադաշտերում, պուրակներում, զբոսայգիներում, հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներում կամ հասարակական այլ վայրերում, բացառությամբ ոգելից խմիչքների իրացման թույլտվություն ունեցող հանրային սննդի օբյեկտների, կամ ոչ սթափ վիճակում հասարակական վայրերում հայտնվելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

«Նույն տրամաբանության մեջ մարդիկ թեկուզ շենքի բակերում խմում են, և ոչ մեկը ոչ մեկին նկատողություն չի անում, առանձին դեպքում նաև միանում են ընդհանուր խանդավառությանը։ Եվրոպական երկրներում արգելված է խմել փողոցում, որևէ մեկին չեք տեսնի փողոցում ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց, հատուկ փաթեթների մեջ են պահում կամ այլ տեսակ տարայի մեջ, շիշը չեն կարող ցույց տալ։ Այդպիսի արգելք մեզ մոտ չկա։ Հասարակական վայրերում հասարակական կարգը պահպանելու տեսանկյունից կան վայրեր, որտեղ խմել պետք չէ, թույլատրելի չէ, սակայն դա չի նշանակում, որ դրսում խմելը դատապարտելի է, եթե հասարակական կարգը չեն խախտում, եթե ինչ-որ դեպքեր չեն գրանցվում։ Փորձեք երեկոյան անցնել ցանկացած բակով, փողոցով, կտեսնեք երիտասարդների, տարիքով մեծերի, որոնք գարեջուր են խմում, դա ավանդույթի նման բան է դարձել»,- նկատում է Կարապետյանցը։

Զրուցակցի խոսքով՝ նման դեպքերում օտարեկրացիները իրենց իրավունքների պաշտպանության համար կարող են դիմել իրավապահ մարմիններին, կամ փաստաբաններին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ