Չեմ բացառում, որ Ադրբեջանը նախագահական ընտրություններից առաջ ավելի ուժեղացնի լարվածությունը. Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիան պաշտոնապես ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ հայտարարել է, որ սպասում է, որ ստորագրվի Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղության պայմանագիրը՝ Ադրբեջանի մաքսիմալիստական պահանջների հիման վրա և նոր դրանից հետո Թուրքիան կսկսի քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց արևելագետ -թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլին:

«Ադրբեջանական պայմանագրի ստորագրումը մոտեցել է վերջին փուլին, դրա համար Թուրքիան շատ հստակ իր դիրքորոշումը բնութագրում է: Ընդհանուր առմամբ, Թուրքիայի քաղաքականությունն է՝ ճնշում գործադրել Հայաստանի վրա, որ Հայաստանը ստորագրի պայմանագիրը այն պայմանների հիման վրա, որոնք առաջարկում է Ադրբեջանը»,-ասաց նա և նշեց, որ առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման Թուրքիայի հետ հարաբերությունների առաջընթաց չեն ունենա:

«Հիմնական իրողությունը այն է, որ Թուրքիան շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելով, քանի որ տնտեսական առոմովւմով Հայաստանը փոքր շուկա է Թուրքիայի համար: Հայաստանը ինչ որ կարողացել է, արել է. բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պատրասոտ է հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, բայց Թուրքիան այդ նախապայմանը շատ հստակ ներկայացնում է»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է Իրան-ԱՄՆ լարվածությանը, ապա Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ լարվածությունը ուժեղացել է և ԱՄՆ-ում այս րոպեներին քննարկումները շարունակվում են Իրանին հակահարված տալու վերաբերյալ: «Ես կարծում եմ, որ ամերիկացիները այնուամենայնիվ կխուսափեն Իրանին լուրջ հարված հասցնելուց, կփորձեն հարված հասցնել, բայց ոչ թե Իրանին, այլ Իրանի ազդեցության տակ գտնվող տարբեր զինված խմբավորումներին»,- ասաց նա և նշեց, որ վտանգավոր կլինի իրավիճակը և սկզբունքորեն իրադրությունը կփոխվի, եթե ուղիղ հարված լինի Իրանին:

Արևելագետն ասաց, որ ներկա պայմաններում Հայաստանը որևէ բան չի կարող անել և մենք պետք է հետևենք իրադրությանը: «Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածությունը չի մեղմանում և առաջին հերթին Ադրբեջանի քաղաքականության պատճառով, որը, ինչպես տեսնում ենք, պատրաստ չէ իրական քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու առումով: Ադրբեջանի քաղաքականությունն է՝ լարվածությունը պահպանել, Թուրքիայի հետ համատեղ ճնշել Հայաստանին, որ Հայաստանը գնա զիջումների, որոնք ձենռտու են Ադրբեջանին: Լարվածությունը որոշակի մակարդակի վրա պահպանվում է: Շատ բան կախված է Ադրբեջանի քաղաքականությունից, չեմ բացառում որ Ադրբեջանը իրենց նախագահական ընտրություններից առաջ ավելի ուժեղացնի լարվածությունը, սահմանամերձ շրջաններում զինված պրովոկացիաներ իրականացնի, բայց իմ տեսլականն այն է, որ մեր տարածաշրջանում վերջ ի վերջո պետք է հաստատվի խաղաղություն»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ