Կլինեն ճնշումներ, բայց Հայաստանի շահերը պահանջում են, որ կառուցվեն ամերիկյան մոդուլյար ռեակտորներ․ Ղևոնդյան

Araratnews.am լրատվականի զրուցակիցն է քաղաքագետ Ռոբերտ Ղեւոնդյանը։

— Պարոն Ղեւոնդյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանին առաջարկվել է սահմանի ապառազմականացում և չհարձակման մասին պայմանագրի ստորագրում։ Որքանո՞վ է դա իրատեսական։

— Շատ քիչ իրատեսություն եմ տեսնում այդ առաջարկի մեջ․ Ադրբեջանը որևէ դեպքում չի համաձայնելու նման մոտեցմանը, ինչպես, օրինակ, երբևէ չի համաձայնի փոխադարձ ռազմական տխնիկայի հսկման Հայաստանի վարչապետի առաջարկին․ կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը եւս հասկանում էր դա և նմանատիպ առաջարկներն ընդամենը միտված են միջազգային հանրության մոտ կառուցողական պետության իմիջը չթուլացնելուն։

— Զորքերի հայելային հետքաշման առաջարկը նույնպես մնաց օդում և չնայած դրան՝ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպումներ տեղի են ունենում՝ երկկողմ ձևաչափով։

— Զորքերի հետքաշումը մի փոքր այլ խնդիր է, դա այսպես թե այնպես տեղի է ունենալու, եթե սահմանների դեմարկացիոն գործընթացներն իրականացվեն և պայմանագիր ստորագրվի․ հայելային հետքաշումը ենթադրում է ոչ թե այն, որ ինչ-որ տարածության վրա ոչ ոք չի լինելու, այլ զինվորականների փոխարեն սահմանապահներ են լինելու։ Ինչ վերաբերում է սահմանազատման հանձնաժողովների հանդիպումներին՝ ինչ-որ շփում պետք է լինի, դա պարտադիր է, առանց շփման՝ էսկալացիայի հավանականությունը կբարձրանա։ Այստեղ հարցն այն է, որ այդ նիստից հետո ամեն կողմը կարող է հայտարարել ինչ կուզի և որևէ մեկը չկա, որ կարողանա չակերտավոր դատել, թե իրականում ով է ճիշտը և ով՝ սխալ։ Հուսով եմ, որ Հայաստանի իշխանություններն այս ռիսկը հաշվի առնելով են գնում այդ հանդիպումներին, բայց ընդհանուր առմամբ պետք է նշել, որ այս պահին, երբ երրորդ հարթակներում ուղիղ բանակցություններ չկան առաջին դեմքերի միջև, գոնե նման հանձնաժողովների շփումները որոշակի չափով նվազեցնում են էսկալացիայի հավանականությունը։

— Օրեր առաջ Ֆրանսիայի նախագահը երկրի Զինված ուժերին ուղղված իր ուղերձում նշել էր, որ Հայաստանի և Բալկանների հարցում պատմական որոշումների կայացման առջև են կանգնած, երեկ էլ դեսպանն էր ընդգծել, որ Ֆրանսիան ստանձնում է իր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ։ Ըստ Ձեզ՝ Ֆրանսիան որքա՞ն հեռու կարող է գնալ Հայաստանի հետ ռազմական համագործակցության հարցում։

— Կարծում եմ՝ բավական հեռու կարող է գնալ և շատ բան կախված կլինի, թե Ադրբեջանը ինչպիսի դիրքավորում կշարունակի ընդունել ընտրություններից հետո․ առաջին հերթին այստեղ հարցն այն է, որ Ֆրանսիան ունի շահեր և այդ շահերը մեր տարածաշրջանում փորձում է և առաջիկայում էլ կփորձի իրականացնել Հայաստանի միջոցով։ Բնական է՝ իր շահերի իրացման համար անհրաաժեշտ է, որպեսզի Հայաստանը որոշակի կայուն անվտանգային հնարավորություններ ունենա, առավել եւս, որ այս պահին Արևմուտքի գլխավոր պետությունը՝ ԱՄՆ-ն, աջակցում է այս հարցում Ֆրանսիային և Ֆրանսիան դարձել է տարածաշրջանում Արևմուտքի ներկայացվածության գխավոր կետերից մեկը, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն Ֆրանսիային իր շահերը ՀՀ-ի միջոցով առաջ տանելու, այլ նաև Հայաստանին անվտանգային դիվերսիֆիկացման իր նպատակները ավելի լայն ճակատով իրացնելու, որովհետև պաշտպանական-ռազմական համագործակցությունը Ֆրանսիայի հետ՝ չի նշանակում Հայաստան-Ֆրանսիա պետությունների ուղիղ համագործակցություն, այլ նշանակում է ֆրանկոֆոն ամբողջ սպեկտրի երկրների հետ փոխհարաբերություններ, ինչն էլ իր հերթին բացում է հնարավորություններ, այլ տարածություններ՝ Մերձավոր Արևելք, Միջին Ասիա, Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներ և այլն։

— Հնդկաստանը և Ֆրանսիան համաձայնության են եկել Հնդկաստանի զինված ուժերի և բարեկամ երկրների համար ռազմական տեխնիկայի, ուղղաթիռների, սուզանավերի համատեղ արտադրության հարցում: Այստեղ Հայաստանը կարո՞ղ է հայտ ներկայացնել։

— Ակնհայտ է, որ առաջին պետությունը, որը կարելի հիշել որպես Ֆրանսիայի և Հնդկաստանի բարեկամ՝ դա հենց Հայաստանն է․ մեծ հավանականությամբ նկատի են ունեցել հենց Հայաստանը և կարելի է ասել ՀՀ-ն արդեն հանդիսանում է այս արտադրության բենեֆիցիարներից մեկը և եթե այդ արտադրությունը իրականություն դառնա՝ ՀՀ պաշտպանունակությունը ակնհայտորեն ավելի կմեծանա։

— «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը հայտարարել է, որ Հայաստանը մեկ-մեկուկես տարվա ընթացքում պետք է որոշի միջուկային էներգիայի զարգացման հետագա ձևաչափը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

— Առաջին հերթին պետք է նշել, որ Հայաստանը խնդիր ունի չկողմնորոշվելու, բավական ժամանակ է արդեն ԱՄՆ-ի հետ բանակցություններն ընթանում են փոքր հզորության ատոմակայանների կառուցման շուրջ և ցանկալի կլիներ, որպեսզի այս առումով ՀՀ իշխանությունները շատ ավելի շուտ կողմնորոշված լինեին․ մենք գիտենք, որ Մեծամորի ատոմակայանի վառելիքը գալիս է ՌԴ-ից և դեռևս դրա փոխարինման վերաբերյալ Հայաստանի իշխանությունները գործողություններ չեն ձեռնարկում, բայց այդպես անընդհատ չի կարող շարունակվել, առավել եւս՝ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների պայմաններոմ և առավել եւս, եթե Հայաստանում պետք է կառուցվեն այդ փոքր հզորության ատոմակայանները՝ Հայաստանը պետք է որոշում կայացնի։ Եթե ՌԴ-ն խոչընդոտներ ստեղծի Մեծամորի ԱԷԿ-ի աշխատանքի հետ կապված, ապա Հայաստանը պետք է կարողանա օգտագործել այլ ուղղություններից ստացված վառելիքը և դա չպետք խոչընդոտի այդ փոքր ատոմակայանների կառուցմանը։ Այլ հարց է, որ գուցե ՌԴ-ն փորձի այլ միջոցներով ճնշումներ գործադրել։ Հուսանք՝ ՀՀ իշխանությունները այդ ճնշումներին կարող են դիմակայել։

— Վարչապետը օրեր առաջ քաղաքական առումով հետաքրքիր էր համարել մոդուլյար ռեակտորների տարբերակը։

— Հենց դրա մասին է խոսքը, այդ մոդուլյար ռեակտորները փոքր հզորություն են ապահովում և չի կարող լինել Մեծամորի ԱԷԿ-ի պես մոդուլյար ռեակտորով ատոմակայան, որը կծածկի ամբողջ Հայաստանի պահանջը և դրա պատճառով խոսվում է այն մասին, որ մի քանի նման ռեակտորներ կառուցվեն։ Իհարկե, ՌԴ-ից դժգոհություն մենք տեսնում ենք, բայց Հայաստանի շահերը պահանջում են, որ դրանք կառուցվեն։

Գեղամ Ադյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ