Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել։

Այս մասին Ղարիբաշվիլին հայտարարել է կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Ես կցանկանայի հանրությանը տեղեկացնել այն որոշման մասին, որը մենք քննարկել ենք թիմի հետ, այսօր ես լքում եմ վարչապետի պաշտոնը»,- ասել է նա:

Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է երկրորդ ժամկետով՝ 2021 թվականի փետրվարի 22-ից։ Իշխող կուսակցությունը նրան կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակեց այն բանից հետո, երբ այն ժամանակվա վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիան հայտարարել էր իր հրաժարականի մասին։

Ղարիբաշվիլին քաղաքականություն է մտել 2012 թվականին «Վրացական երազանք»-ով։ Նա մեկ տարի եղել է ներքին գործերի նախարարը, իսկ 2013 թվականին վարչապետի պաշտոնում փոխարինել է Բիձինա Իվանիշվիլիին։ Նա երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2015 թվականի վերջը. դեկտեմբերի 23-ին, ժամը 20:00-ին հայտարարեց իր հրաժարականի մասին։

Ղարիբաշվիլին վերադարձել է «Վրացական երազանքի» կառավարություն Գախարիայի վարչապետության օրոք:

Ըստ առկա տեղեկությունների՝ Իրակլի Ղարիբաշվիլիին այս անգամ վարչապետի պաշտոնում կփոխարինի իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Կադրային փոփոխությունների մասին տեղեկությունը երեկ հայտնել էր ընդդիմադիր «Մթավարի արխի»-ի հիմնադիրներից Նիկա Գվարամիան։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, որ նաև «Վրացական երազանք»-ի անդամ է, պատասխանելով վարչապետի փոփոխության մասին հարցին, ասել էր, որ «նման շահարկումներ բազմիցս եղել են», և չի կարող մեկնաբանել շահարկումները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 17:00-ին, Վրաստանի կառավարության վարչակազմում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ճեպազրույց կանցկացնի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ