«Շերեմետևոյում» օդանավի վթարի հետևանքով զոհերի թվում կան երեխաներ

Ռուսաստանի Քննչական կոմիտեն այս պահին ունի տեղեկություններ 13 զոհի մասին «Շերեմետևոյում» օդանավի վթարի հետևանքով, զոհերի թվում կա երկու երեխա, նշվում է Քննչական կոմիտեի Facebook–յան էջում։

Նախնական տվյալներով, այսօր` մայիսի 5–ին, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել Մոսկվա–Մուրմանսկ չվերթն իրականացնող օդանավը։ Այն վայրէջքի ընթացքում բռնկվել ու սկսել է այրվել։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ օդային տրանսպորտի շահագործման և անվտանգության կանոնների խախտման հատկանիշներով։

Շուտով քննիչները կսկսեն տուժածների, ականատեսների, օդանավակայանի և ավիափոխադրող ընկերության աշխատակիցների, ինչպես նաև օդանավի շահագործման համար պատասխանատու այլ անձանց հարցաքննությունը։ Կուսումնասիրվեն անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերը։ Ավիավթարի պատճառների և հանգամանքների մասին միանշանակ եզրակացություններ կարվեն քննության կողմից ստացված տվյալների համակողմանի ուսումնասիրությունից հետո։

Նշենք, որ Մոսկվա–Մուրմանսկ չվերթն իրականացնող ինքնաթիռն օդ է բարձրացել Մոսկվայի ժամանակով ժամը 18։00–ին, օդում մի քանի պտույտ է կատարել և կտրուկ սկսել է իջնել։ Ժամը 18։40–ին այն վայրէջք է կատարել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ