Ադրբեջանը, իրեն հեռու պահելով դեմոկրատական աշխարհից, գանգին կստանա նոր պատժամիջոցներ. Հայկ Սուքիասյան

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի կարծիքով՝ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևով Ադրբեջանը, ըստ էության, հայտարարվել է ավտորիտար պետություն:

«Սա առաջին հերթին արձագանք է Ադրբեջանի ոչ դեմոկրատական հակումներով ավտորիտար վարչակարգին: Ասվել է, որ իրենք մոնիթորինգային խումբ չեն ուղարկելու, որ դիտարկեն ընտրությունները, այսինքն՝ արդեն հայտարարում են, որ ընտրությունը կեղծվելու է: Նաև կոռուպցիայի մակարդակի խնդիր կա, մարդու իրավունքներին վերաբերող հարցեր, և Ադրբեջանը, ըստ էության, այս շեմից շատ է իջել՝ որպես ոչ վստահելի պետություն, և դրա համար պատժամիջոց են կիրառել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Սուքիասյանը:

Նրա խոսքով, սակայն, կա նաև հաջորդ հանգամանքը. «Տարածաշրջանում Ռուսաստանի և Ադրբեջանի՝ երկու ավտորիտար ռեժիմների ուժեղացումը, այսպես ասած՝ «գրկախառնություն»-ը: Եվրամիությունը և Եվրախորհրդի այլ կառույցներ հասկացել են, որ ավտորիտար բլոկով գրոհում են նոր դեմոկրատիաների դեմ, առաջին հերթին՝ Հայաստանի: Այս որոշումը հավանաբար նաև Հայաստանի Հանրապետության համար է»:

Վերջինս կանխատեսում է, որ Եվրոպայի կողմից նման քայլերը շարունակական կլինեն, քանի որ Ադրբեջանն էլ իր հերթին է ասել, որ կպատասխանեն այս որոշմանը. «Ադրբեջանի ռեժիմի սուլթանը (-խմբ. նկատի ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին) իրեն դրել է Բիսմարկի կամ Նապոլեոնի տեղը և որոշել քաղաքակիրթ աշխարհի դեմ դուրս գալ: Սակայն իրեն շատ ավելի հեռու պահելով դեմոկրատական աշխարհից՝ գանգին կստանա նոր պատժամիջոցներ»:

Ըստ նրա՝ Ադրբեջանն այս պահին նույնական է ռուսական և Հյուսիսային Կորեայի ռեժիմների հետ:

«Ավտորիտար բլոկի մեջ չմնալու մի շանս ունի՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, որպեսզի փրկի իր դեմքը: Սակայն հարց է՝ իրենք ուզո՞ւմ են քաղաքակիրթ աշխարհից չմեկուսանալ, կարծես թե հակառակն են ուզում. թքած ունեն աշխարհի, միջազգային իրավունքի վրա, ավելի են մերձենում ռուսական բլոկին»,- ասում է նա:

Զրուցակցի խոսքով՝ եթե Ադրբեջանը չգնա պայմանագիր ստորագրելու, կատարի Ռուսաստանի կամքը, Հայաստանի համար խնդիրներ կարող են առաջանալ. «Բայց չեմ կարծում, որ դա կվերածվի մեծ ռազմական գործողությունների, որովհետև Հայաստանն իրեն որոշակի իմաստով ապահովագրել է. ԵՄ դիտորդներ ունենք, միջազգային իրավակարգի անդամ պետություն ենք, Հռոմի ստատուտ ենք վավերացրել, ռազմատեխնիկական հարաբերություններ կան Հնդկաստանի, Ֆրանսիայի հետ, և սրանք Ադրբեջանին չափավորել են»:

Միևնույն ժամանակ զրուցակիցը նկատում է՝ Հայաստանի համար խիստ կարևոր է և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ կարգավորել հարաբերությունները:

«Չեմ ասում՝ գնալ բարեկամացման, որովհետև դա խիստ դժվար է, բայց հարաբերությունների կարգավորում պիտի լինի: Ովքեր ասում են՝ Ալիևի հետ մի բանակցեք, պիտի իմանան, որ բանակցության այլընտրանքը պատերազմն է: Այդ մարդիկ ուզում են Հայաստանին Ռուսաստանի ներշնչանքով ներքաշել պատերազմի մեջ, որտեղից Հայաստանի կենդանի դուրս գալը դառնում է խիստ հարցական, որովհետև Հայաստանն այդ պարագայում պատերազմելու է ոչ միայն Ադրբեջանի, այլև Ռուսաստանի դեմ, և վստահ եմ, որ պատերազմի պարագայում ՀՀ մարմնի մեջ գտնվող ՌԴ զորքը խժդժություններ է սարքելու: Սա Հայաստանի չգոյության համար շատ լավ ելք է, բայց դե պարզ է, որ մեզ պետք է ՀՀ-ի գոյությունը, հետևապես պիտի շարունակենք բանակցությունները»,- համոզմունք է հայտնում նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ