Հունվարին ավարտական քննություններին չմասնակցած, անբավարար գնահատված 12-րդ դասարանցիները կարող են քննություն հանձնել նաև հունիսին. ԿԳՄՍ-ն նախագիծ է մշակել

Հունվարին կազմակերպվող ավարտական քննություններին որևէ պատճառով չմասնակցելու կամ մասնակցելու և գնահատման 20-միավորային սանդղակից 1-7 միավոր գնահատված լինելու դեպքում 12-րդ դասարանի սովորողին հնարավորություն է տրվում սույն առարկայից ավարտական քննություն հանձնել նաև հունիսին: Գործող կարգում փոփոխություն նախատեսող՝ ԿԳՄՍ-ի կողմից մշակված հրամանի նախագծի մասին civic.am-ը տեղեկացավ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։

Գործող կարգավորմամբ՝ հունվարին կազմակերպվող ավարտական քննությանը չմասնակցելու կամ բացասական գնահատական ստանալու դեպքում սովորողը տվյալ առարկայից հանձնում է վերաքննություն հուլիս կամ օգոստոս ամիսներին: «Սույն լրացումը կատարելու արդյունքում սովորողը հնարավորություն կունենա ևս մեկ անգամ հանձնել ավարտական քննություն հունիսին, որից 1-7 միավոր գնահատված լինելու կամ քննության օրը չներկայանալու դեպքում սովորողը վերաքննություն է հանձնում: Սույն նախագծով ակնկալվում է սովորողներին հունիսին ևս մեկ անգամ հնարավորություն տալ հանձնել ավարտական քննություն»,- նշված է նախագծի հակիրճ բնութագրում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ