Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք դպրոցական հանդեսում չեք. Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին

Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, սադրիչ հարց ուղղեց ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին։

«Ալիևի հարցազրույցը խայտառակ ագրեսիվ էր, ձեր խեղճուկրակ պատասխանը՝ նույնպես: Ինչո՞ւ եք այդքան վախեցած, արձանագրում եք, որ բոլոր առաջարկները Ալիևը մերժում է, հիմա էլ նոր բան եք առաջարկում՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկում, անկեղծ ասեք՝ միամի՞տ եք, թե՞ ուրիշ բան»,- ասաց նա:

Վերջինս իրեն թույլ տվեց վարչապետին դիմել առաջին դեմքով՝ «քեզ»-ով, որից հետո ԱԺ-ում լարված իրավիճակ առաջացավ:

Ալեն Սիմոնյանը, հանգստության կոչ անելով պատգամավորներին, Քոչարյանին հորդորեց կոռեկտ լինել. «Հասկանում եմ, որ եզակի դեպք է, որ ընտրված ղեկավար է, ու ձեզ համար դա զարմանալի է, դուք դրա փորձը չունեք, բայց կոռեկտ եղեք, որպեսզի սենց իրավիճակ դահլիճում չլինի»։

Վարչապետն էլ, պատասխանելով պատգամավորական մանդատի շնորհիվ կալանքից ազատված Քոչարյանին, նկատեց. «Ես խորհուրդ կտայի Ձեզ հաջորդ անգամ այդ նույն հարցը փորձել հանգավորել, որպեսզի 4-րդ դասարանի պատշաճ ոտանավոր դառնա և գուցե որոշակի դիտումներ և հետաքրքրություններ առաջացնի: Բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք դպրոցական հանդեսում չեք, և Ազգային ժողվում պետք է կարողանալ պատշաճ պահել: Հակառակ դեպքում, կարծում եմ, առիթներ կունենաք՝ վերհիշելու, թե որտեղ եք գտնվում, սա ես ձեզ հորդորում եմ, հուսով եմ՝ այս հորդորը կրկնելու առիթ չեք տա»։

Քոչարյանն իր հերթին «հորդորեց» իրեն ինչ-որ բաներ չհորդորել․ «Ես հստակ ձևակերպել եմ իմ ասելիքը»։

Վարչապետն էլ նկատեց. «Առաջընթացը ակնհայտ է, որովհետև հարցի երկրորդ մասում առնվազն որոշ բաներ հասկացաք, շնորհակալություն»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ