ՀՀ քաղաքացիներն իրենց զավակներին դարձնում են այլ երկրի քաղաքացի և ազատում մեր երկրի առաջ պարտավորությունից. Պապիկյան

«Ցավով պիտի նշեմ, որ իմ նախնական դիրքորոշումը բացասական է»:

Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի այն դիտարկմանը, թե «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում բաց կա:

«Կա մի կատեգորիա, ովքեր ոչ թե 18 տարեկանից հետո են ընդունում ՀՀ քաղաքացիություն, այլ անչափահաս տարիքում՝ տարբեր հանգամանքներում՝ պահպանելով իրենց սկզբնական երկրի քաղաքացիությունը: Նրանք ապրել են, սովորել, ծառայել են այդ երկրի ԶՈՒ-ում, բայց երբ 18 տարին լրացել է, մեխանիկորեն ՀՀ-ում հայտնվել են քրեական հետապնդման մեջ: Այդ մարդիկ կա՛մ պետք է մի հատ էլ ՀՀ-ում ծառայեն, կա՛մ պետք է հետապնդվեն, կա՛մ չմտնեն ՀՀ: Խնդում եմ այս հարցի լուծումը գտնել»,- ասաց Թորոսյանը:

Պապիկյանն էլ նշեց. «Իհարկե, միշտ բաց ենք քննարկման համար, որպեսզի ամբողջությամբ հասկանանք խնդիրը և նաև ձեր առաջարկության բովանդակությունը: ՊՆ-ն պատրաստ է այդ քննարկմանը, բայց առաջին հայացքից անարդար թվացող այդ խնդիրը ունի մեծ պոտենցիալ նաև նոր հնարավորություններ ստեղծելու զարտուղի ճանապարհներով ՀՀ-ի առաջ պարտքը կատարելու պարտավորությունից, ինչն ինձ համար ակնհայտ տեսանելի է: Եթե քննարկման ժամանակ կներկայացնեք փաստարկներ, որը հիմնավոր կլինի, մենք սրա շուրջ կարող ենք զրույցը շարունակել: Հասկանում եմ, որ շահառու խմբի մասին եք խոսում, բայց միևնույն ժամանակ հիշեք, որ այսօր բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ իրենց զավակներին իքս տարիքում դարձնում են այլ երկրի քաղաքացի, որի արդյունքում նրանք ազատվում են մեր երկրի առաջ իրենց ունեցած պարտավորություններից, սակայն օգտվում են բոլոր արտոնություններից, և, ըստ այդմ, խնդիրն ունի նաև բացասական պոտենցիալ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ