Սա պիտի բերի միայն ստեղծագործական ազատության. ԿԳՄՍ նախարարը՝ «Գոյ» թատրոնի վերակազմակերպման մասին

Մենք ունենք վերակազմակերպման պարզ գործընթաց, երբ «Գոյ» թատրոնն իր խաղացանկով, ստեղծագործական ազատությամբ և ֆինանսավորմամբ ընդամենը գործում է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հովանու ներքո: Եվ սա պարզ ճշմարտություն է, որ մենք փորձում ենք փոխանցել և անընդհատ հանդիպում ենք տարբեր մանիպուլյացիաների, որոնց հիմքն ու իմաստը շատ հասկանալի չէ: Հունվարի 17-ի Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսպես պատասխանեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի՝ «Գոյ» թատրոնի մասին հարցին:

«Որևէ բան տեղի չի ունենում «Գոյ» թատրոնի հետ՝ որպես ստեղծագործական միավոր: Մենք խոսում ենք երկու ՊՈԱԿ-ների միավորման գործընթացի մասին, որոնք գործում էին մեկ շենքում: Հիշեցնեմ, որ նույնիսկ Սունդուկյանի անվան թատրոնի կողմից էին վճարվում «Գոյի» կոմունալները, և այդ իմաստով նաև ամբողջապես անկախ և ամբողջապես ինքնավար իրավիճակ չկա:

Այս պահին ունենալու ենք մեկ միասնական ՊՈԱԿ, որի ներքո գործելու է նաև «Գոյ» թատրոնը՝ որպես ստեղծագործական առանձին միավոր, և ստանալու է հավելյալ հնարավորություն, որովհետև Սունդուկյանի անվան թատրոնի բեմերը, նաև տարածքները շատ ավելին են, և, կարծում եմ, որ դերասանական կազմն ու ռեժիսորները կարող են նաև նոր մտահղացումներ ունենալ դրանք իրագործելու նաև այդ ենթակառուցվածքի պայմաններում:

Կարծում եմ, որ սա պիտի բերի միայն ստեղծագործական ազատության, նախաձեռնողականության և նոր ծրագրերի, և զարմանում եմ, որ դրանց անցնելու փոխարեն մենք հիմա զբաղված ենք ինչ-որ խոսակցություններով, որոնք կապ չունեն իրականացվող գործընթացի հետ»,- ասաց նախարարը:

Սիսակ Գաբրիելյանը պարզաբանեց՝ այսինքն՝ խաղացանկը շարունակվելու է նախարարության կողմից ֆինանսավորվել, և ստեղծագործական-բովանդակային առումով իրենք որևէ կերպ այս փոփոխությունից չպետք է տուժեն, և այն բեմը, որտեղ խաղում են, էլի կշարունակվի հարթակ լինել, նաև կարող է Սունդուկյանի մեծ բեմը լրացուցիչ տրամադրվել նրանց:

Նախարարը հաստատեց և հավելեց, որ ցենզուրայի մասին որևէ բան խոսելը անմտություն է: Խաղացանկն իրենք են որոշում, ու նաև իրենք պետք է որոշեն՝ որ ներկայացումներն են հանդիսատես բերում:

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը նախարարին, այնուամենայնիվ, խնդրեց հանդիպել թատրոնի ներկայացուցիչների հետ, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան:

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձագիտական «Գոյ» կենտրոն ՊՈԱԿ-ը կվերակազմակերպվի՝ միանալով «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին: Որոշման դեմ «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը բողոքի ակցիա է արել ԿԳՄՍՆ-ի շենքի դիմաց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ