Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն, «Honda»-ն, «OPEL»-ը, «FORD»-ն ու «Lada»-ն

Այսօր՝ հունվարի 17-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:25-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ Րաֆֆու անվան դպրոցի դիմաց, բախվել են «Lada», «Honda», «OPEL», «BMW» և «FORD» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում կատարել հերթապահություն: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ