Ալիևն ուզում է նախագահական ընտրությունները վերածել ՀՀ-ի հանդեպ ագրեսիվ քաղաքականությունը շարունակելու՝ ընդհուպ մինչև նոր պատերազմ սանձազերծելու մանդատի ստացման գործընթացի. Արտաշես Խալաթյան

Հունվարի 15-ին Ադրբեջանում մեկնարկեց արտահերթ նախագահական ընտրության քարոզարշավը: Նախագահի պաշտոնի համար պայքարելու է յոթ թեկնածու։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 7-ին Հանրապետությունում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր ստորագրեց՝ որպես քվեարկության օր նշանակելով 2024 թվականի փետրվարի 7-ը: Հիշեցնենք, որ Ադրբեջանում պետության ղեկավարի հաջորդ ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականի հոկտեմբերին։

Zarkerak.am-ն Ադրբեջանում սպասվող արտահերթ նախագահական ընտրությունների պատճառների և սպասվող հնարավոր հետևանքների մասին զրուցեց իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ. «Ադրբեջանի նախագահական ընտրությունները ֆարս են ներկայացնում, քանի որ, ըստ էութան, Ադրբեջանը հանդիսանում է կոնսոլիդացված բռնապետություն, այսինքն՝ դա նշանակում է, որ Ադրբեջանում իրական ժողովրդավարական համակարգ գոյություն չունի, Սահմանադրությունը և մնացյալ օրենքները մնացել են թղթի վրա, անգամ այդ օրենքներում կատարվել են այնպիսի փոփոխություններ, որոնք հարիր չեն ժողովրդավարությանը, օրինակ՝ նախագահի պաշտոնում նույն անձի վերընտրության անսահմանափակ հնարավորությունը, հետևաբար Ադրբեջանում տեղի են ունենում ոչ թե նախագահի ընտրություններ, այլ Ալիևի պաշտոնի վերստանձնման գործընթաց:

Ինչ վերաբերում է դրա միջազգային հնարավոր հետևանքներին կամ միջազգային նշանակությանը, ապա Ալիևը կարծես փորձ է անում գնալ Վենեսուելայի նախագահի ճանապարհով, որն անգամ հասավ նրան, որ հանրաքվեի դրեց հարևան պետության վրա հարձակվելու հարցը և ըստ պաշտոնական տվյալների՝ ստացավ ժողովրդի մանդատը՝ հարևան պետության տարածքներն անեկցիայի ենթարկելու համար:

Ալիևը մի այդպիսի գործընթաց է փորձում իրականացնել, ուզում է նախագահական ընտրությունները վերածել Հայաստանի հանդեպ ագրեսիվ քաղաքականությունը շարունակելու՝ ընդհուպ մինչև նոր պատերազմ սանձազերծելու մանդատի ստացման գործընթացի: Ալիևը փորձելու է միջազգային հանրության մոտ լեգիտիմացնել իր տարածքային հավակնությունները Հայաստանի հանդեպ՝ դա ներկայացնելով ոչ միայն իր կարծիքով միջազգային իրավական տեսանկյունից ճշգրիտ գործողություն, այլ ազդակ հղելով աշխարհին, որ ունի իր ժողովրդի վստահությունը և գահընկեց անելու որևէ գործընթաց բացառվում է, իսկ կան տեղեկություններ, որ այնպես չէ, որ ամեն ինչ անամպ է Ալիևի համար, նրա համար հոգեբանական առումով կարևոր են այս ընտրությունները»:

Խալաթյանի խոսքով՝ Ալիևը փորձում է օգտվել աշխարհաքաղաքական լարված իրավիճակից. «Ալիևը հաշվարկել է, որ հիմա միջազգային կոնյուկտուրան բավականին խառն է և միջազգային հանրությունը զբաղված է աշխարհի տարբեր թեժ կետերում առկա հակամարտությունների կառավարմամբ, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, ԵՄ-ում ընտրություններ են և, հաշվի առնելով այդ իրավիճակը, Ալիևը թերևս հաշվարկել է, որ այս տարի իր նկատմամբ միջազգային ճնշումները կարող են նվազել և ինչպես 4 տարի առաջ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կարծես ճակատագրական եղան Հայաստանի և Արցախի համար, քանի որ կրկին միջազգային ավելի խառը իրավիճակից օգտվելով Ալիևը հարձակվեց Արցախի վրա, հիմա էլ կարծես թե փորձ է անում կրկին իր համար բարենպաստ իրավիճակ ստեղծել»:

Իրավագետն անդրադառնալով Ալիևի հռետորաբանությանը՝ նշեց. «Տարիներ շարունակ Ալիևի ագրեսիվ հռետորաբանությունը որակել ենք որպես ներքին սպառման հարց և այդ առումով կրկին նույն սխալն անելու իրավունք չունենք: Ալիևը խնդիրը դիվանագիտական հարթությունից տեղափոխում է պետական քաղաքականության հռչկաման հարթություն, հետևաբար մենք այստեղ շատ ավելի խորը և վտանգավոր իրադրության հետ գործ ունենք, երբ Ալիևը փորձում է կրկին հանրությանը մոբիլիզացնել արմենոֆոբիայի շուրջ՝ այդպիսով փորձելով թե՛ հետագա պաշտոնավարման լեգիտիմություն ստանալ, և թե՛ իրականացնել այն աշխարհաքաղաքական ծրագրերը, որոնք Ադրբեջանին սատարող պետությունները մեր տարածաշրջանում ունեն»:

Մեր այն հարցին, թե արդյոք ընտրություններից հետո հնարավոր է Ադրբեջանը դիմի ռազմական սադրանքի՝ Արտաշես Խալաթյանն ասաց. «Ռազմավարական առումով ես կարծում եմ, որ Ալիևը գնալու է էսկալացիայի և դա ընդամենը ժամանակի հարց է, դա պայմանավորված է նրանով, որ ուկրաինական ճակատում իրավիճակը գնալով խճճվում է, նորանոր թեժ օջախներ են առաջանում, փոխվում է միջազգային հանրության վերաբերմունքը Ռուսաստանի դեմ վարվող քաղաքականության արդյունավետության վերաբերյալ: Ալիևը ուշիուշով հետևում է զարգացումներին և կարծես թե այդ զարգացումներն այնպիսինն են, որ տանում են ավելի շատ խորը լճացման, քան ուժերից որևէ մեկի հաղթանակի, դա նշանակում է, որ կրկին Ալիևը փորձելու է իր համար դիվիդենտներ շահել այդ անորոշ իրավիճակից»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ