Լևոն Զուրաբյանը Ալիևի կաբինետում ագենտ ունի

«Ազատության» եթերում հարցազրույցի ընթացքում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, խոսելով խաղաղության պայմանագրից, Ալիևի վերջին ելույթից, ասում է, թե Նիկոլ Փաշինյանը հաշվարկել էր, որ ռուսական պլանը մերժելով և Ղարաբաղը զոհաբերելով՝ ստանալու է հնարավորություն Արևմուտքի միջնորդությամբ մի նոր փաստաթուղթ ստորագրելու, որով «կջրվեր» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

«Ինքը հաշվարկել էր, որ ռուսական պլանը մերժելով և զոհաբերելով Լեռնային Ղարաբաղը՝ Լաչինով, և ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Փաշինյանը ստանալու է հնարավորություն բերելու Ադրբեջանին Արևմուտքի ճնշման տակ կա՛մ Բրյուսել, կա՛մ Գրանադա, կա՛մ Վաշինգտոն՝ ստորագրելու մի փաստաթուղթ, որտեղ, ըստ էության, ջրված կլինի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը»,- ասում է Զուրաբյանը և նշում, որ դա պատրանք է ու երբեք իրականություն չի դառնա։

Նախ, հարկ է նկատել, որ Փաշինյանը այդպիսի պատրանքներ չի ունեցել և մեկ անգամ չէ, որ խոսել է այն մասին, որ Հայաստանը պետք է հարաբերությունները կարգավորի իր հարևանների հետ և պատրանքներ չունենա, որ որևէ կողմի հետ հարաբերություններն ավելի կարևոր են, քան հարևանների հետ ունեցած հարաբերությունները։

Օրինակ՝ նախորդ տարվա հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում վարչապետը, անդրադառնալով փլուզվող աշխարհակարգում մեր անվտանգության ապահովման գործիքներին, ասաց. «Այս ընկալումից բխող գործնական խնդիրը, որքան էլ տարօրինակ հնչի, պետության աշխարհագրական տեղադիրքի գիտակցումն է, և կարևոր եմ համարում Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ գլոբալ քննարկումից առաջ գիտակցել, որ մենք գտնվում ենք հարավկովկասյան տարածաշրջանում, ունենք 4 հարևան, և նրանց հետ հարաբերությունների մեջ են թաքնված այն բոլոր հիմնական սպառնալիքներն ու հնարավորությունները, որ մենք կարող ենք ունենալ: Կարևոր է Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունների բարեկամական համագործակցային բնույթի հետագա զարգացումը և հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի և Թուրքիայի հետ»։

Իսկ ավելի վաղ՝ 2023-ի հուլիսին, «Ֆրանս-պրես» գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում ասել է. «Ձեր հարցի մեջ ամբողջ կոնտեքստն այն է, թե Հայաստանն ինչպե՞ս է ապրելու Արևմուտքի և Ռուսաստանի արանքում: Իսկ, կներեք, մենք իրականում Ռուսաստանի և Արևմուտքի արանքում չենք, մենք իրականում Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արանքում ենք: Եվ իրականում տարածաշրջանի երկրները մեկը մյուսի արանքում են»։

Փաշինյանը հռետորական հարց հնչեցնելով ասում է՝ արդյոք Հայաստանը պե՞տք է իր հարաբերությունները հարևանների հետ կառավարի Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Բրյուսելի միջոցով։ Վարչապետը հստակ ասում է, որ դա առաջին հերթին ՀՀ-ի խնդիրն է, ու պետք է փորձել ինքնուրույն դա անել։

«Երբ մենք հարց ունենք մեր միջավայրի հետ, մեր առաջին ռեակցիան ի՞նչ է, որ տեսնենք՝ ի՞նչ կարող է անել Մոսկվան, ի՞նչ կարող է անել Բրյուսելը, ի՞նչ կարող է անել Վաշինգտոնը: Իհարկե, այս ընթացքում մայրաքաղաքները գուցե փոխվել են, անունները, պատմական երկար ժամանակաշրջանում: Եվ մենք սա գիտակցում ենք, բայց մեր կյանքում էլ բան չի փոխվել, որովհետև այդ կուլտուրան մեզ մոտ էլ չկա, այնտեղ էլ չկա: Եվ մեզ մոտ չկա պատմական որոշակի ավանդույթի բերումով, իրենց մոտ էլ չկա պատմական որոշակի ավանդույթի բերումով»,- նույն հարցազրույցի ընթացքում ասում է վարչապետը:

Հաջորդը՝ Մոսկվայի ո՞ր առաջարկն է մերժել Հայաստանը։ Լևոն Զուրաբյանը այդպես էլ չի հստակեցնում։ Հրապարակված բոլոր առաջարկներին Հայաստանը համաձայնել է։ Օրինակ՝ Խովաևի առաջարկը, որին հայկական կողմը համաձայնեց, իսկ Ադրբեջանը մերժեց։ Ընդ որում, Ալիևը դա արեց նաև Պուտինի հետ երկկողմ հանդիպման ընթացքում։ Դրանից հետո Ռուսաստանն իր առաջարկը չպնդեց։

Այսպիսի կեղծ պնդում ՀԱԿ փոխնախագահը անում է կա՛մ Փաշինյանի հասցեին մեղադրանքները ավելի անհերքելի ու արգումենտավորված ներկայացնելու ու տպավորություն ստեղծելու համար, կա՛մ փորձում է լվանալ Ռուսաստանի երեսը, որը իր պարտավորությունները այդպես էլ չկատարեց։

Լևոն Զուրաբյանը, Ալիևի հայտարարությունները հիմք ընդունելով, եթերից մի քանի անգամ ցիտելով վերջինիս՝ ասում է, թե Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արեց, որպեսզի խուսափի հասանելի խաղաղության պլանից։

Թերևս արժի այստեղ էլ մե՛նք ցիտենք Ալիևին, որտեղ վերջինս ուղիղ տեքստով ասում է, որ բանակցությունների ողջ ընթացքում նա ամեն ինչ արել է խուսափելու համար կարգավորման որևէ տարբերակ ընդունելուց։

«Իհարկե, բանակցություններն ունեին իրենց ռազմավարությունն ու մարտավարությունը։ Իհարկե, մենք բանակցությունները վարել ենք այնպես, որ նվազագույնի հասցնենք արտաքին ճնշումը՝ մեր նպատակներին հասնելով։ Բայց ինձ համար գլխավորն այն էր, որ սա պատմական խնդիր է, ազգային խնդիր է, և ինչ-որ թվացյալ բարենպաստ շահեր փնտրելը սխալ կլինի։ Մենք պետք է հարցը լուծենք հիմնարար ճանապարհով, պետք է մեկընդմիշտ լուծենք, պետք է ամբողջությամբ վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- նշել է Ալիևն ու ասել, որ այդ բանակցությունների արդյունքում կարող էին մի քանի շրջաններ վերադարձվել Ադրբեջանին՝ առանց պատերազմի, բայց Ադրբեջանը չի համաձայնել այդ առաջարկներին։

Ինչո՞ւ Ալիևի հայտարարությունները գրավոր դուրս բերած ու եթերում ցիտող Լևոն Զուրաբյանը այդ հատվածը չի ցիտում կամ չի նկատում։ Ավելին՝ Ալիևը խոսում է 30 տարվա բանակցությունների մասին, իսկ ՀԱԿ փոխնախագահը, հակադարձելով լրագրողին, ասում է, թե Ալիևը նկատի է ունեցել միայն Մադրիդյան սկզբունքները, իսկ 2019-ից հետո համաձայն է եղել առաջարկվող տարբերակին։ Հավանաբար Զուրաբյանը Ալիևի գլխում սարք ունի տեղադրած կամ Ադրբեջանի նախագահականում՝ ագենտ, որ գիտի, թե Ալիևը ինչ է նկատի ունեցել կամ 2019-ին իրականում ինչ է մտածել ու ինչին է համաձայն եղել։ Ու հարց է առաջանում, թե 2019-ին Հայաստանը որևէ բան մերժե՞լ է։ Արդյոք ստեղծվե՞լ է մի իրավիճակ, երբ բոլոր կողմերը, առաջին հերթին Ադրբեջանը պատրաստ է եղել որևէ բան ստորագրել ու հարցը կարգավորել, իսկ Հայաստանը մերժել է։ Իհարկե, նման բան չի եղել։

Հարցազրույցի վերջում էլ խորհրդարանական ընդդիմության բառապաշարով ասում է՝ «փչացնելով հարաբերությունները բոլոր էն պետությունների հետ, որոնք կարող էին իրականում ինչ-որ մի բան անել Հայաստանի անվտանգային հարցերում…»։
Էլի հարց՝ ո՞ր պետությունների, ո՞ր դաշնակիցների հետ է Հայաստանը փչացրել իր հարաբերությունները, և արդյո՞ք դա արել է Հայաստանը։ Միակ դաշնակիցը, որի հետ հարաբերությունները չեն գտնվում այն մակարդակի վրա, որը կարելի էր դաշնակցային համարել, Ռուսաստանն է։ Ինչո՞ւ է Զուրաբյանը հոգնակիով խոսում, և արդյոք Հայաստա՞նն է փչացրել այդ հարաբերությունները։ Հայաստա՞նն է հրաժարվել կատարել իր դաշնակցային պարտավորությունները ՌԴ-ի նկատմամբ ստանձնած, Հայաստա՞նն է Ուկրաինայի հետ հաջող ռազմական օպերացիա իրականացրել ընդդեմ Ռուսաստանի…

ՀԱԿ-ը, ցավալիորեն, վերածվել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների դուստր ձեռնարկության։ Իրական և օբյեկտիվ քննադատության բազում առիթներ կան գործող իշխանությանը քննադատելու համար, սակայն նրանք որդեգրել են խորհրդարանական ընդդիմության վարքագիծը, և այդ է պատճառը, որ զարմանալի չէ, որ Լևոն Զուրաբյանը դատարանում ստանձնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի երաշխավորի դերը։ Մի կուսակցության փոխնախագահի, որին իրենք ժամանակին անվանում էին հանցավոր, կոռումպացված, մոնղոլ-թաթարական և այլն։

Ի դեպ, նույն հարցազրույցի ընթացքում Զուրաբյանը, չգիտակցելով, խոստովանում է, որ Աշոտյանը թալանչի է։
«Թալանչիներից ոչ ոք պատասխանի չի բերված։ Բացի Աշոտյանից, ոչ ոք նստած չէ բանտում»,- ասում է Լևոն Զուրաբյանը։ Այսինքն՝ ըստ նրա՝ թալանչիներից միայն Աշոտյանն է բանտում, որի համար նա երաշխավորում էր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ