Վստահ չենք, որ Ադրբեջանը երկկողմ բանակցությունների արդյունքում արձանագրված որևէ պայմանավորվածություն հաջորդ պահին չի մերժի. Բաքոյան

«Ես կարծում եմ՝ սա միայն Ալիևի ցանկությունը չէ, այն պայմանավորված է որոշ խաղացողների թելադրանքով։ Մենք գիտենք 44-օրյա պատերազմը, սեպտեմբերի 19-ի իրադարձությունները, և այս խաղացողները Ալիևի հետ ունեն պայմանավորվածություներ, որոնք մասամբ արդեն կյանքի են կոչվել։ Հիմա այդ խաղացողների ցանկություններն են, որոնք փորձում են Ալիևի միջոցով իրականություն դարձնեն»: Այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Ալիևը ցանկանում, որ խաղաղության պայմանագիրը լինի առանց երաշխավորների:

Ճշգրտող հարցին, թե արդյոք դա Ռուսաստանի՞ ցանկությունն է, Բաքոյանը պատասխանեց. «Մենք նկատել ենք, որ ցանկացած հանդիպում, որ տեղի է ունենում ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ռուսական կողմը շատ ծանր է տանում, և հանդիպումներին նախորդող օրերին տեղի են ունենում նաև իրադարձություններ մեր սահմաններին, ինչպես նաև հայտարարություններ են հնչում»։

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի պնդմանը, որ առանց միջնորդի բանակցությունների միջոցով հասնեն պայմանագրին, Բաքոյանը ասաց. «Այդպիսի փորձ եղել է, և դրա արդյունքում 32 գերիներ վերադարձվել են հայրենիք, բայց ես վստահ չեմ, և հայկական կողմը վստահ չէ, որ երկկողմ բանակցությունների արդյունքում արձանագրված որևէ պայմանավորվածություն հաջորդ պահին Ադրբեջանի կողմից չի մերժվելու, ու հետևաբար երրորդ կողմի ներկայությունը բանակցություններում անհրաժեշտություն է, որպեսզի արձանագրեն, թե որ կողմն է բանակցություններից հետ կանգնում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ