Ընդդիմությունը քաջ գիտի, որ Ալիևը չի վերանայելու իր մաքսիմալիստական մոտեցումները, չի դադարելու լինել «ղամազ»՝ տեսնելով, որ իր հետ բանակցելու է եկել Իշխան Սաղաթելյանը կամ Սաղաթել Իշխանյանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը «խաղաղության օրակարգը ձախողելու և երկիրը պատերազմի առաջ կանգնեցնելու մասին հրապարակային խոստովանություն» է որակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գավառում օրերս ունեցած ելույթը՝ հավելելով. «Երեք տարի մեր ժողովրդին խաբել են, թե՝ մեզ պահեք իշխանության, խաղաղություն կբերենք, հիմա էլ ասում են՝ չի ստացվում, քանի որ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում։ Բայց զավեշտն այն է, որ վերջում Նիկոլն ասում է՝ միևնույն է՝ գնալու ենք այդ ճանապարհով»:

Ընդդիմադիր որոշ ուժերի ցինիզմն, անշուշտ, սահմաններ չի ճանաչում, հատկապես Արցախի հարցն ու խաղաղության թեման քաղաքական նպատակներով շահարկելիս։ Հատկապես, երբ դա անում են այն ուժերը, որոնք իշխանություն են եղել, զբաղվել ԼՂ խնդրի կարգավորմամբ, գիտեն դրա բարդություններն ու ձախողումների պատճառները։ Ցուցաբերվող ցինիզմը հատկապես նողկալի ու անտանելի է այն կուսակցության պարագայում, որի պատմական անցյալը աղաղակում է կրած բազում ձախողումների ու խայտառակությունների մասին, որի միջով անցել է Հայաստանն ու հայ ժողովուրդը, և որի ներկայացուցիչն է Սաղաթելյանը։

ՀՅԴ-ն այն քաղաքական ուժն է, որը առնվազն վերջին երկու տասնամյակի (որոշակի ընդհատումներով) ընթացքում գործակցել է մի քաղաքական ուժի հետ, որը ժողովրդի կամքի վրա թքած ունենալով բռնազավթում էր իշխանությունը Ղարաբաղի հարցը լուծելու պատրվակով՝ սկսած 1998 թ. պալատական հեղաշրջումից մինչև 2018-ի թավշյա հեղափոխություն։ 2018-ին էլ, ինչպես հետագայում ազդարարեց ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանն ուզում էր խախտել վարչապետ չդառնալու մասին ավելի վաղ տված խոստումն ու, այնուամենայնիվ, վարչապետ դառնալ, որպեսզի լուծի փակուղի մտած բանակցություններով ԼՂ կոնֆլիկտը, այն է՝ կյանքի կոչի, այսպես կոչված, «Լավրովյան պլանը», որը ՀՅԴ-ի կողմից նզովված, մերժված «Մադրիդյան սկզբունքների» մոդիֆիկացված տարբերակն էր։ Իսկ թե ինչ էր ենթադրում այդ տարբերակը, բացահայտել էր ինքը՝ Սերժ Սարգսյանը, միայն թե՝ 2021 թվականին, 44-օրյա պատերազմից ամիսներ հետո՝ Ադրբեջանը ճանաչում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշեր Ղարաբաղի բնակչությունը՝ առանց հանրաքվեի կոնկրետ ժամկետի, Ադրբեջանին էին վերադարձվում 5 շրջանները։ Լաչինի ու Քելբաջարի վերադարձն էլ կապվելու էր հանրաքվեի անցկացման ժամկետների հետ։ Այսինքն՝ սա կարգավորման այն տարբերակն էր, որը հակասում էր ՀՅԴ-ի «ոչմիթիզական» կոնցեպցիային, կուսակցություն, որը անգամ ապրիլյան պատերազմից հետո էր շարունակում այդ թեզի դավանողը լինել՝ իր նախընտրական ծրագրում գրելով. «Հստակ պետք է գիտակցել, որ չկա առանձին Արցախի հարց: Արցախը հայկական հարցի, Հայ դատի անբաժան մասն է: Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ: Արցախի անկախությունը մեզ համար մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է»։

Համոզված ենք, որ Սերժ Սարգսյանի հետ իշխանությունը կիսած ՀՅԴ-ն տեղյակ էր ԼՂ խնդրի կարգավորման «դիագնոզին», այն է՝ «հայկական հարցի» մաս կազմող ԼՂ խնդրի «հայանպաստ» լուծումը, էլ չասած՝ ՀՀ-ին վերամիավորվելու հեռանկարը ձախողված է, և Ալիևն իր ուզած լուծմանը հասնելու համար գնալու է պատերազմի։ Սակայն, թերևս, բարոյականության բացակայությունը և կառավարական տաքուկ կաբինետներից չզրկվելու հաշվենկատությունը ստիպում էին ինքնախաբեության դիմել՝ ձև անել, թե ամեն ինչ կարգին է, ամեն ինչ իսկը իրենց սրտով ու մտածածով է՝ «Արցախի հարցը լուծված-պրծած է»։ Պատմական գիտությունների թեկնածու Իշխան Սաղաթելյանի խոսքերը՝ գործող իշխանության «խաբելու» մասին, ևս մեկ անգամ ապացուցում են, որ բարոյականությունը քաղաքական կատեգորիա չէ, ՀՅԴ-ն էլ իր քաղաքական կուրսն այս ընթացքում իրականացրել է՝ առաջնորդվելով «քաղաքականությունն անբարոյականություն է» հայտնի բանաձևով։ Այլապես առնվազն սկսած 2007-ից, երբ արդեն բանակցային սեղանին էր Մադրիդյան փաստաթուղթը, որն ուղնուծուծով հակասում էր ՀՅԴ-ի տեսլականին, հեղաշրջում կամ իշխանափոխություն արած կլիներ՝ իշխանությունից հեռացնելով ԼՂ հարցը «հայանպաստ» լուծելու խոստումով իշխանությունը զավթած ու այդ քողի ներքո երկիրը հարստահարող իշխանությանը։

Իշխան Սաղաթելյանը, նկատենք, չի բավարարվել ասվածով ու այսքանից հետո դեռ համարձակվել է «իրավիճակից ելք» առաջարկել։ «Անվտանգություն և խաղաղություն ունենալու համար պետք է կազմակերպել երկրի համալիր պաշտպանությունը և վարել արդյունավետ արտաքին քաղաքականություն, մի բան, ինչը սրանք բազմաթիվ անգամ ապացուցել են, որ չեն կարող անել: Խնդիրը, որը մինչև հիմա չենք կարողացել լուծել, շարունակում է մնալ նույնը»։ Եվ ուրեմն՝ «մենք մեր ժողովրդին պետք է հանգամանալից բացատրենք, որ սրանք խաղաղության անվան տակ մեզ տանում են նոր ցեղասպանության և Արցախից հետո երկրորդ հայկական պետականության կորստի։ Եթե այդ վտանգի գիտակցությունը մեր ժողովրդի մեծամասնությանը կարողանանք տեղ հասցնել, կկարողանանք նաև արագորեն լուծել բոլոր հարցերը»։

Թերևս դժվար գործ է, բայց պետք է փորձել հասկանալ, թե ինչ նկատի ունի Սաղաթելյանը մասնավորապես «վարել արդյունավետ արտաքին քաղաքականություն» ասելով, ինչպիսի դրսևորում այն ունի, ով է կամ որն է այն սուբյեկտը, որի հետ պետք է վարվի այդ արդյունավետ քաղաքականությունը։ Օրինակ՝ նույն «Մադրիդյան սկզբունքները», որոնց ՀՅԴ-ն դեմ կըլլար, արդյոք արդյունավետ արտաքին քաղաքականություն վարելու հետևա՞նք են, թե՞ ընդհակառակը՝ ԼՂ հարցով վարված արտաքին քաղաքականության ձախողման աղաղակող վկայությունը։ Արդյոք արդյունավետ արտաքին քաղաքականության հետևա՞նք է ԼՂ-ն, որպես կոնֆլիկտի կողմ, բանակցային սեղանից դուրս թողնելը, թե՞ անխոհեմ, հակաարցախյան արտաքին քաղաքականության «թագն ու պսակը»։ Գուցե Իշխան Սաղաթելյանի կուսակցությունն իշխանություն է ուզում, որ «արդյունավետ արտաքին քաղաքականության» շրջանակներում մի «մադրիդյան փաստաթուղթ» էլ ՀՀ-ի վերաբերյա՞լ ստորագրի։

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն ավարտած Սաղաթելյանը (Ալիևն էլ, ի դեպ, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտն է ավարտել) ի՞նչ «նյու հաու» է մոգոնելու, որը բեկում է մտցնելու արտաքին քաղաքականության մեջ՝ եղած «անարդյունավետը» դարձնելով «արդյունավետ», գուցե մի երկու տողով շարադրի՞։ Դիցուք վաղը Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, «վլաստը» անցնում է ՀՅԴ-ին, ասենք, Արմեն Ռուստամյանը նշանակվում է ԱԳ նախարար ու գնում է Բայրամովի հետ բանակցություններ վարելու։ Իսկ մինչ ընկեր Իշխանը կշարադրի՝ ընթերցողի ուշադրությունը հրավիրենք մի հանգամանքի վրա՝ Սաղաթելյանն ու նրա գաղափարակից ընկերները վերջին շրջանում դադարել են իրենց դիտարկել որպես իշխանափոխություն իրականացնելու ընդունակ ուժ՝ նախորդ երեք տարիների խայտառակ ձախողումները հաշվի առնելով։ Ընդդիմադիրի «ֆորմի» մեջ մնալու համար նրանք, անշուշտ, տաք են պահում իշխանափոխության թեման՝ «վտանգի գիտակցությունը մեր ժողովրդի մեծամասնությանը տեղ հասցնել» փորձելով, սակայն այլևս տեսանելի է, որ չեն հավակնում գործը գլուխ բերողի՝ «զանգ կախողի» կարգավիճակին և տազ արած սպասում են, թե ով է խիզախելու դա անել… «ա տամ դալշե բուդետ վիդնո»։

Միով-բանիվ, ընդդիմությունն էլ է գիտակցում, որ Ալիևը ՀՀ-ում իշխանության փոփոխությունից հետո չի վերանայելու իր մաքսիմալիստական մոտեցումները, չի հրաժարվելու իր հռչակած նպատակներից, որոնք ցնդաբանության ժանրից են, չի դադարելու լինել «ղամազ» ու պայմանավորվածությունները հարգող՝ տեսնելով, որ իր հետ բանակցելու է եկել միջազգայնագետ Իշխան Սաղաթելյանը կամ պայմանական՝ Սաղաթել Իշխանյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ