Աշխարհասփյուռ ՀՅԴ-ականները, որոնք 2 օր առաջ առցանց հավաք են արել ու Արցախի հարցի, «կռիվ տալու» մասին խոսել, կարող են ապացուցել իրենց հայրենասիրությունը՝ գալով ՀՀ ու ծառայելով ՀՀ զինված ուժերում

Սպասելի էր, որ օրենքի այն նախագիծը, որը պարտադիր զինվորական զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած քաղաքացիներին հնարավորություն է տալիս ազատվել քրեական պատասխանատվությունից, ընդդիմությունը վերածելու է «քաղաքացին տուգանքի մատերիալ չի» ոճի քննարկման՝ աղավաղելով նախագծի էությունն ու այն խնդիրը, որը փորձ է արվում դրանով լուծել։ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը, օրինակ, ազդարարեց, թե՝ ընդդիմությունը դեմ չէ 27 տարին լրացած, քրեական հետապնդման ենթարկված քաղաքացիներին որոշակի վճարման, այլ պրոցեդուրաներով ազատել քրեական պատասխանատվությունից, սակայն, ըստ նրա, «Հայաստանում ուզում են հաստատել երկու կատեգորիայի քաղաքացի՝ մեկը 2,5 մլն-ով քաղաքացիություն ստանալով բանակից ազատվում է, մեկը պարտավոր է գնալ ծառայության»:

«Այստեղ հիշում են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի տարիները. տվյալ դեպքում կար փիլիսոփայություն՝ խնդիրը հարցը լուծելն է։ Քրեական հետապնդումից ՀՀ քաղաքացիներին, որոնք տարբեր պատճառներով հայտնվել էին արտասահմանում, սեփական հայրենակիցների հարցը լուծելն էր, ոչ թե ասելը՝ ախպեր, ջեբիդ փողը շատ ա, 15 միլիոն է՝ ուրեմն կազատվես, 15 միլիոն չի՝ չես ազատվի: Տարբեր երկրներից մեր հայրենակիցները նամակներ են գրում, ասում են՝ ախպե՜ր, մենք, որ արտասահմանում ենք, հո միլիարդատեր չենք: 15 միլիոն ի վիճակի չենք վճարելու, էլի շարունակելու է հարցը մնալ օդում կախված: Կարևորը խնդիրը լուծելն է, ոչ թե ինչպես կարմիր գծերի վճարն են բարձրացնում, տուգանքն են բարձրացնում: Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ՞, թե՞ 15 մլն-ի մատերիալ է»,-իրեն հատուկ ոճով ազդարարեց Մանուկյանը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց՝ «չի կարում մուծի, թող գա հայրենիքին իր պարտքը տա»:

Չգիտենք, թե ովքեր են Գեղամ Մանուկյանին նամակներ գրած անձինք և արդյոք նրանց մեջ եղել են նաև ՀՅԴ-ականներ, սակայն նկատենք, որ նախքան պարոն Մանուկյանը կաներ այս հայտարարությունը, կիրակի օրը՝ հունվարի 14-ին «Հ․Յ․Դ Երիտասարդական և Ուսանողական մեծ ընտանիքի ընկերներու խուռն մասնակցութեամբ տեղի ունեցաւ առցանց հաւաք Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ ընկեր Յովսէփ Տէր Գէրոգեանին հետ»: Հավաքին, ինչպես ՀՅԴ պաշտոնական կայքն է ավետում, ներկա են եղել ավելի քան 23 միությունների և 15 երկիրների երիտասարդներ և ուսանողներ։ «Հանդիպումը կրկին անգամ եկաւ հաստատելու, որ Հ.Յ.Դ. Երիտասարդական և Ուսանողական մեծ ընտանիքը աննահանջ կը մնայ իր խրամատներուն մէջ, պայքարը շարունակելու և մեր ժողովուրդին և ազգին իրաւունքներուն համար կռիւ տալու: Արցախեան հարցը փակուած չէ և չի կրնար փակուիլ քանի դեռ վառ է ազգային ազատագրական պայքարի նուիրուած երիտասարդութեան կամքը և վճռակամութիւնը»,-նշված է հավաքի մասին հայտարարության մեջ:

«Բրավո, բրավո»։ Ազգային ազատագրական պայքարի կամք ու վճռակամություն ունեցող սույն ՀՅԴ-ական երիտասարդները, որոնք իրենց իսկ խոսքով «աննահանջ» են մեր ժողովրդի ու ազգի իրավունքների համար կռիվ տալու հարցում, ենթադրում ենք՝ «կռիվ տալ» ասելով նկատի չունեն միայն «հեռուներեն» հայրենիքը սիրելն ու ռազմահայրենասիրական երգեր ձոնելը, այլ «կռիվ տալ»՝ բառիս բուն իմաստով, որը նշանակում է ծառայել ՀՀ զինված ուժերում ու պաշտպանել հող հայրենին։ Այնպես որ, ընդունված օրենքը, որը հեղինակել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, հրաշալի հնարավորություն է ընձեռում աշխարհասփյուռ ՀՅԴ-ական երիտասարդներին ապացուցել իրենց հայրենասիրությունը՝ իրացնելով կռիվ տալու իրենց պատրաստակամությունը։

Նշենք, որ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են ընտրել այս տարբերակներից մեկը.

-զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,
-զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ,
-զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դր.,
-զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դր.,
-զինվորական ծառայություն չանցնել և վճարել 15 մլն դրամ։
Հ․Մ․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ