ԼՂ-ից բռնի տեղահանված և Գեղարքունիքում ապաստանած 3 երեխա դուրս է մնացել հանրակրթությունից. 2-ը դպրոց կգնան նոր ուստարում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր, տվել նոր հանձնարարականներ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է մարզպետը:

Ստորաբաժանումների ղեկավարների կողմից տեղեկատվություն ներկայացվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում ապաստանած ընտանիքների վերաբերյալ, hամաձայն որի՝ հաշվառված են 5-12 տարեկան 898 երեխաներ, որոնցից 751-ը հաճախում են մարզային ենթակայության հանրակրթական, 57-ը ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցներ, 19 երեխա՝ նախակրթարաններ և 65-ը սովորում են քոլեջներում կամ ուսումնարաններում։

Հանրակրթությունից դուրս մնացած 3 երեխաներից 2-ը դպրոց կհաճախեն նոր ուսումնական տարում, իսկ մեկ երեխա ունի առողջական խնդիր, որի բուժմանն աջակցելու նպատակով, մարզպետի հանձնարարությամբ, մարզպետի աշխատակազմի կողմից կիրականացվեն համապատասխան աշխատանքներ։

11 ուսուցիչ աշխատանքի է անցել հանրակրթական տարբեր դպրոցներում, 18 անձ աշխատանքի է տեղավորվել սպասարկման տարբեր ոլորտներում։
Տեղեկացվել է նաև, որ մարզի բուժամբուլատորիաներում հաշվառված է 4053 բռնի տեղահանված անձ, իսկ Գավառի, Մարտունու և Սևանի բժշկական կենտրոններում աշխատանքի են տեղավորվել 3 բժիշկ և 3 բուժքույր։

«Խոսվել է նաև 2023 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի՝ Ճամբարակում արցախցիների հետ ունեցած հանդիպման ընթացքում բարձրացված հարցերի կատարման ընթացքի մասին, որոնց վերաբերյալ տվեցի նաև այլ հանձնարարականներ»,- գրել է մարզպետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ