Խայտառակ «պռավալ» տված գեներալը պիստալետով հարցեր է լուծում, «դուխով» տղա խաղում, թող իրեն գլխից կրակեր. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն ամոթալի է համարում, որ մենք Տիրան Խաչատրյանի նման Ազգային հերոս ունենք:

«Տիրան Խաչատրյանն ու Վիկտոր Համբարձումյանը ինձ համար չեն կարող լինել ազգային հերոսների նույն շարքում: Այս առումով շատ կարևոր է Ազգային հերոսի կոչումից զրկելու ինչ-որ ընթացակարգ ունենալ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Ըստ Իոաննիսյանի՝ Տիրան Խաչատրյանը և Անդրանիկ Փիլոյանը կոռուպցիոներներ են, ինչպե՜ս կարող են Ազգային հերոս լինել:

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Տիրան Խաչատրյանը կրակել է ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եղբոր վրա՝ իբրև թե ինքնապաշտպանվելու համար, քանի որ նրան, այսպես ասած, հաշվեհարդարի են կանչել՝ Արայիկ Հարությունյանին Լեռնային Ղարաբաղը կորցնելու մեջ մեղադրելու համար՝ Իոաննիսյանն ասում է՝ Խաչատրյանն ինքը կապ ունի ԼՂ-ի կորստի հետ:

«Տիրան Խաչատրյանը՝ որպես ԳՇ պետի տեղակալ, եղել է հարավային ուղղության պատասխանատուն, որտեղից ադրբեջանցիները ճեղքել են և եկել հասել են Հադրութ, Շուշի, Լաչին, Կապանի մատույցներ: Այս ամենի պատասխանատուն եղել է Տիրան Խաչատրյանը, բոլոր հրամաններն այդտեղ արձակել է նա, վերևից եկող հրամանները ներքև են հասել Տիրան Խաչատրյանի միջոցով: Ո՞վ, եթե ոչ Տիրան Խաչատրյանը»,- նկատում է զրուցակիցը:

Նրա խոսքով՝ Տիրան Խաչատրյանը մեծ մեղավորություն ունի, և նաև նրա պատճառով է, որ պարտությունը հանգեցրեց այս բոլոր խնդիրներին. «Ադրբեջանցիք, որ Հորդիզից եկել գրեթե հասել էին Դավիթ Բեկ գյուղ, էս ամբողջը Տիրան Խաչատրյանի պատասխանատվության տակ էր, և երբ զինվորականներն ասում են՝ այս հրամանն է եղել, այն հրամանն է եղել, ներողություն, իսկ հրամանները ո՞ւմ միջոցով են եղել, ո՞վ է այդ հրամաններն արձակել՝ Տիրան Խաչատրյանը»:

Խոսելով նաև այն հրապարակումների մասին, թե հեղափոխությունից հետո Տիրան Խաչատրյանը գործող իշխանությունների ամենախիստ քննադատներից է, և նման առիթը իշխանությունը բաց չէր թողնի՝ նրան կալանավորելու համար՝ վերջինս ասում է. «Էդ կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանն է Տիրան Խաչատրյանի ատրճանակով կրակում: Ռազմաճակատում խայտառակ «պռավալ» տված գեներալը, նաև որի պատճառով եղել է այն խայտառակությունը, որը որ եղել է, հիմա ՀՀ-ում պիստալետով հարցեր է լուծում, «դուխով» տղա է խաղում: «Դուխով» տղա էր՝ թող Ջաբրայիլում զոհվեր, Զանգելանում զոհվեր, կասեինք՝ դուխով տղա էր: Երբ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին՝ հերոսի կոչումը ստանալուց մի քանի ժամ հետո տեսավ, որ իր հակահարձակումը «պռավալի է» գնում, թող մաուզերը հաներ ու ինքն իրեն գլխից կրակեր, այ դա կլիներ նորմալ, արժանապատիվ սպայի պահվածք»:

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը միաժամանակ նկատում է, որ այնքան են անտեղի հանցագործներին, «ռազբոռկա» անողին, կոռուպցիոներին ասելու քաղբանտարկյալ, որ եթե անգամ մի օր իրական քաղբանտարկյալ լինի, ոչ մեկը լուրջ չի ընդունելու դա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ