Նրա կյանքն ու մահը մնացին լռության մեջ

Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Ազգային Ժողովում քննարկում են պետական կոչումների հարցը, բուռն բանավեճ է ծավալվել, թե արդյոք պետք են ժողովրդական, վաստակավոր կամ այլ կոչումներ շնորհել մշակույթի, արվեստի և հասարակական գործիչներին։ Իրականում կոչումներ շնորհելը ժառանգվել է խորհրդային միությունից և դա կրել և կրում է հիմնականում ձևական բնույթ, որովհետև փորձը ցույց է տվել, որ ժողովրդի սիրելին դառնալու համար կոչումներն ավելորդ են։

Մեկ ամիս առաջ կյանքից հեռացավ Հայաստանի Հանրապետության քաղաքական, պետական գործիչ, Հայաստանի գերագույն խորհրդի, Ազգային Ժողովի նախագահ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Բաբկեն Արարքցյանը։

Բաբկեն Արարքցյանի ավանդն ու ներդրումը Հայաստանի պետականության ու քաղաքական մտքի կայացման գործում՝ անուրանալի է: Արարքցյանը հազվագյուտ սկզբունքային գործիչներից էր, որի համար հանրային-պետական շահը առաջնային էր: Նրա քաղաքական, հասարակական, գիտամանկավարժական գործունեությունը պետական մտածողության վառ օրինակ է ցանկացած քաղաքական, հասարակական գործչի համար:

Գործիչներ, անհատականություններ կան, որոնք լինլելով, կամ չլինելով ակտիվ քաղաքական ասպարեզում, թվում է, թե լուռ են, կամ ստվերում են: Սակայն Արարքցյանի լռությունն ավելի շատ խոսում էր նրա համեստության, պետականության, քաղաքական և մարդկային սկզբունքներին ու գաղափարներին նվիրվածության մասին։

Արարքցյանի առավելություններից մեկն էլ այն էր, որ լինելով անկախության շարժման, պետականության կազմավորման հիմքում նա գերադասեց ոչ թե լիդերությունը, այլ նվիրումը պետակաշինությանը։

Ցավոք սրտի, Բաբկեն Արարքցյանի ինչպես քաղաքական, պետական գործունեությունը, այնպես էլ նրա մահը՝ չարժանացան հանրային և քաղաքական լայն ուշադրության, ինչը թերևս խոսում է մեր հանրային ընկալումենրի խեղաթյուրման մասին։ Հասարակություն, որը հաճախ ավելի ծանր է տանում սովորական, հասարակական մշակութային կամ այլ ոլորտների շարքային գործիչների մահը, չի նկատում, թե ինչպես են շարքերը լքում գաղափարական լիդերները։

30 տարիների ընթացքում հանրությունը չկարողացավ նկատել և գնահատել արժանավորներին, նրանց, ովքեր գաղափարապես լիդեր էին, սակայն գերադասում էին կանգնել լիդերների թիկունքում և տանել պետականաշինության ծանր լուծը։

Բաբկեն Արարքցյանի կորուստը քչերն ուշադրության արժանացրին, իսկ շատերը նույնիսկ չնկատեցին, թե ինչպես փլվեց պետական, հասարակական գաղափարական ևս մեկ հենասյուն, հենասյուն, որն իր ուսերին կրել էր Բաբկեն Արարքցյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ