«Չէի կարող սպասել, որ հային կարդարացնեն, բայց սպասում էի հրաշքի, որը չեղավ․ անարդար որոշում էր»․ Վագիֆ Խաչատրյանի աղջիկը՝ Բաքվի դատարանի որոշման մասին

Այսօր Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է անցած տարվա հուլիսին Լաչինի միջանցքում գտնվող ադրբեջանական անցակետում գերեվարված Վագիֆ Խաչատրյանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը։ Civic.am-ը խոսեց Վերա Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ինչպե՞ս են գնահատում որոշումը և ի՞նչ են պատրաստվում անել․ «Միանշանակ՝ ոչ արդարացի։ Չէի կարող սպասել, որ Բաքվում կարող են հային արդարացնել, բայց սպասում էի հրաշքի, որը չեղավ, շատ հուսահատ ենք, բնականաբար շինծու գործ է։ Գիտեք, արդեն ոչ մի բան չունեմ ասելու, իմ ասելով ոչինչ չի փոխվում, ուստի՝ ասելիք չունեմ»։ Իսկ թե ինչ են պատրաստվում անել՝ նշեց․ «Դեռ չենք խորհրդակցել ընտանիքիս հետ, պետք է խորհրդակցենք, հասկանանք ինչ պետք ա անենք։ ՄԻԵԴ դիմել ենք, սակայն դեռ պատասխան չկա։ Էս պահի դրությամբ ոչ մի առանձնահատուկ նորություն չունենք»։

Վերան ասաց, որ ամիսը մեկ անգամ խոսում են հոր՝ Վագիֆի հետ, հավելելով․ «Բժիշկների վերահսկողության ներքո է, դեղեր է ընդունում։ Սիրտը պետք է վիրահատվի, բայց դեռ չգիտեմ՝ կվիրահատե՞ն էնտեղ»։

Հիշեցնենք, որ նոյեմբերին Բաքվի դատարանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով 1991 թվականի ձմռանը Լեռնային Ղարաբաղի Մեշալի (Լեսնոյ) գյուղում տեղի ունեցած իրադարձությունների մասնակցության համար։

Խաչատրյանն իր մեղքը չի ընդունել՝ նշելով, որ Մեշալիում ծավալված մարտերին ընդհանրապես չի մասնակցել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ