Բառացի այդ թիվը՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր չի ասվել, կա քննարկվող պայմանագիր, որի կետերով առաջ ենք գնում․ Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերին Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին:

«Ոչ մի կտրուկ բան տեղի չի ունեցել. բանակցությունները, փոխանակումը շարունակվում են, և դրական առումով կարելի է ասել, որ զարգացում կա, իսկ վարչապետի արձագանքն ավելի շատ կարելի է զարմանք որակել, որովհետև հաճախ այդ հռետորաբանությունը դուրս է այն խոսակցություններից, այն փոխանակված փաստաթղթերից, թեզերից, որոնք որ տեղ են գտել: Դա հաճախ անհասկանալի է: Հետընթաց չկա. զարմանք և տարակուսանք կա այն հռետորաբանության վերաբերյալ, որի մասին վարչապետն իր արձագանքը տվեց»,- ասել է նա:

Անդրադառնալով հարցին, թե այդ հայտարարություններից հետո ինչի՛ մասին են բանակցությունները, Ալեն Սիմոնյանը նկատել է․ «Բանակցությունները խաղաղության մասին են: Կողմերը պարտավորվում են մի քայլ ամեն մեկը հետ անել. ամբողջ պայմանագիրը և ամբողջ թեզերը, որոնք որ կան, վերաբերում են երկու կողմերին: Չկա թեզ, չկա մի բան պայմանագրի մեջ, որ, օրինակ, վերաբերում է մի կողմին, մենակ Ադրբեջանը պետք է այսպիսի քայլ անի: Երբ որ խոսքը զորքերի հետքաշման մասին է, խոսվում է հայելայինի մասին: Երբ որ խոսքը ինչ-որ տարածքների մասին է, մի տեղ Հայաստանն է, մի տեղ՝ Ադրբեջանը, բոլոր թեզերը վերաբերում են հա՛մ Ադրբեջանին, հա՛մ Հայաստանին: Չկա որևէ կետ, որտեղ ասվում է, որ այս պայմանագրով Հայաստանը միակողմանի պայմանավորվում է»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ընդունմանը, ապա ԱԺ նախագահն ընդգծեց․ «Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարություն է արել, հրապարակային արել է. ՌԴ նախագահի ներկայությամբ, նաև իր հարցազրույցների ժամանակ: Եթե խոսքը 29800 քառակուսի կիլոմետրի մասին է, այո՛, բառացի այդ թիվը չի ասվել, և մենք սպասում ենք և ակնկալում ենք, որ դա նույնպես տեղի կունենա, բայց դրա բացատրությունը և պատճառները ադրբեջանական կողմի այն է, որ առանց սահմանագծման, սահմանազատման դեռ զերծ են մնում կոնկրետ թիվ հայտարարելուց: Միգուցե դա պահում են ինչ-որ ձևով սակարկման կամ հետագա բանակցությունների համար, բայց ասել հետընթաց՝ նշանակում է, որ ինչ-որ բան է եղել, և դրանից հետ ենք կանգնել: Ես կարող եմ ասել, որ կա պայմանագիր քննարկվող, որի կետերով մենք առաջ ենք գնում այս պահի դրությամբ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ