Թենիսի կորտերի թեմայի շուրջ ճանճերի նման հավաքվածները որևէ դիվիդենտ չեն շահի, այն այլ տեղ կգործի. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձավ Օղակաձև զբոսայգու նորոգման ծրագրին, որի վերաբերյալ տարատեսակ քննարկումներ են եղել վերջին օրերին:

«Ներկայացված ծրագիրը թենիսի ակումբի քանդման ծրագիր չէ, Օղակաձև այգին Երևանի Փոքր կենտրոնի միակ երևելի կանաչ տարածքն է, հետևապես դրա փուլային վերականգնումը որպես կանաչ հանրային տարածք մեզ համար գերակայություն է և առաջնահերթություն: Բուն ծրագիրը առաջին հերթին վերաբերում է տարատեսակ ռեստորաններին, սրճարաններին և տաղավարներին, որոնք տեղակայված են և վերանալու են` տարածքը դարձնելով հանրային հասանելի կանաչ տարածք` նորարարական լուծումներով: Իսկ թենիսի կորտերի մասին կարող եմ ասել, որ ես ինքս դեռ 1996-ից մինչև 2002 թ. «Արարատ» ակումբում պարապել եմ, դա Երևանում իմ ամենասիրելի վայրերից մեկն է, բայց այստեղ հարցը ոչ թե մեր անձնական նախասիրությունների մասին է, այլ հանրային շահի»,- ասաց նա:

Ավինյանի խոսքով` թենիսի ակումբը պետք է վերակառուցվի և հասանելի լինի բոլոր անձանց, ովքեր պարապում են այնտեղ, բայց, վստահաբար, թենիսի ակումբի համար տեղակայման դիրքը այնքան էլ կարևոր չէ:

«Հաշվի առնելով, որ փոքր կենրտում Օղակաձև այգուց բացի կանաչ տարածքի այլ հնրավորություններ չկան, հետևապես լուծումներն այստեղ մեզ համար շատ պարզ են. «Արարատ» ակումբին անպայման տրամադրվելու է տարածք, այն շարունակելու է գործել, և մենք դա ապահովելու ենք, պետք է ապահովենք, որ այդ ծրագիրը արվի նախքան կորտերի տեղափոխումը, այսինքն` պետք է մեկ այլ հարմար տեղում ունենանք ակումբը, հետո նոր անցնենք քանդման աշխատանքներին»:

Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր կանաչ տարածքների վերականգնմանը, ըստ քաղաքապետի գաղտնիք չէ, որ բազմաթիվ այգիներում նմանատիպ աշխատանքներ իրականացվում են:

«Այս հատվածում էլ պետք է տարատեսակ շենք-շինություններ քանդվեն, որ տարածքը վերադարձվի երևանցիներին, պարզապես աղմուկը այստեղ շատ էր, բոլոր տեսակի պսևդոմասնագետներ սկսեցին անդրադառնալ այս հարցերին, անգամ հասան գնահատականի, որ սա կոռուպցիա է: Սա կարևոր սոցիալական ծրագիր է այն առումով, որ Երևան քաղաքում նման ծրագրերի շատ քիչ կհանդիպենք, երբ որոշակի բիզնես ընկերություն պատրաստ է մեծ գումարներ դնել հանրային տարածքներ վերականգնելու համար: Նման ծրագրեը միմիայն ողջունելի են և վստահաբար թենիսի կորտերի խնդիրը մենք կլուծենք: Իսկ բոլոր նրանց, ովքեր ճանճերի նման հավաքվել էին թենիսի թեմայի շուրջ, որ քաղաքական դիվիդենտներ շահեն, ասեմ` չի ստացվելու»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ