Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպան Վարազդատ Հարությունյանը տեղեկացրել է, որ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով։

«Քննիչի կողմից դատարան է ներկայացվել Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։

Միջնորդությունը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր՝ Գագիկ Պողոսյանին (Կենտրոն նստավայր)։ Միջնորդության քննության ժամը հստակեցվելուց հետո լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Կոտայքում գործող ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել: Նշվում է, որ խնջույքի մասնակիցների թվում է եղել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը: Ըստ նույն տեղեկությունների՝ գինովցած Տիրան Խաչատրյանը կրակոցներ է արձակել, որի հետևանքով վիրավորվել է հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին, ով առնչություն չի ունեցել վիճաբանության ու դրա մասնակիցների հետ:

Ըստ տարածվող տեղեկությունների՝ դեպքից անմիջապես հետո Տիրան Խաչատրյանը փախուստի է դիմել: Իրավապահները որոնում են նրան։

Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Խաչատրյանը ձերբակալվել է Կոտայքում տեղի ունեցած միջադեպի գործով։

Երեկ քննչական կոմիտեն էլ հայտարարություն էր տարածել, որ կատարված դեպքի գործով 5 անձ ձերբակալվել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ