Ինչու՞ է Իսրայելը «հիշել» հայերի ցեղասպանությունը

Իսրայելի արտգործնախարարը Թուրքիային հիշեցրել է հայերի ցեղասպանությունը, ի պատասխան Գազայում ցեղասպանություն իրագործելու Էրդողանի մեղադրանքի, որ նա հնչեցնում է Իսրայելի հասցին: Իսրայելցի նախարարի հայտարարությունը հուշում է, որ Գազայի առիթով թուրք-իսրայելական հարաբերության լարվածության աճի շրջանակում հայերի ցեղասպանությունը կարող է վերստին դառնալ խաղարկվող քարտ, որ Թել Ավիվը կփորձի կիրառել Անկարայի դեմ:

Հաշվի առնելով այն, որ Էրդողանը հետեւողականորեն առաջ է մղում Իսրայելի ղեկավարությանը ցեղասպանության համար պատասխանատվության կանչելու միտքը, մեծանում է հավանականությունը, որ Էրդողանին «նույն դրամով» վերադարձնելու համար Իսրայելն էլ կարող է ինչ որ կերպ խաղարկել հայերի ցեղասպանության հարցը,ընդ որում ամենեւին պարտադիր չէ, որ դա լինի հենց Իսրայելում: Ի վերջո նորություն չէ տարբեր երկրներում հրեական ազդեցիկ լոբբի գոյությունը, ունեցած կապերն ու հնարավորությունները: Այս հանգամանքն էլ իր հերթին նորություն չէ, երբ տարբեր միջազգային դերակատարների միջեւ խնդիրներում խաղաքարտ է դառնում հայերի ցեղասպանության հարցը:

Հաճախ սա առաջացնում է ոգեւորություն, ինչը սակայնն երբեմն կարող է բերել պարզապես «երազախաբության»: Ըստ այդմ, Հայաստանի համար կարեւոր է պետական մշակված քաղաքականության առկայությունը՝ այդօրինակ «երազախաբությունների» առաջ չկանգնելու, ծուղակում չհայտնվելու համար: Սա հատկապես արդիական է եւ կարեւոր, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի եւ Արցախի հանդեպ շարունակվող ադրբեջանական ագրեսիայի երկու առանցքային հովանավորների եւ գործուն աջակից-մասնակիցների՝ Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերություններին: Հատկապես, երբ ներկայիս ռեգիոնալ եւ համաշխարհային իրողությունների պայմաններում այդ երկու դերակատարների մոտեցումները զգալիորեն տարանջատվում են ոչ միայն մերձավորարեւելյան, այլ նաեւ հենց անմիջականորեն կովկասյան ռեգիոնի հեռանկարների իմաստով, ընդհուպ՝ Ադրբեջանի հետ հարաբերության, Ադրբեջանի հանդեպ ազդեցության:

Ընդ որում, սա էլ իր հերթին բնականաբար պայմանավորված է այլ աշխարհաքաղաքական դերակատարների առնչությամբ այդ երկու խաղացողների մոտեցումների բախմանն ու խնդիրներին՝ Ռուսաստան, Իրան, ԱՄՆ, Բրիտանիա, Եվրոպա, մի շարք այլ խաղացողներ: Ընդ որում, այդ ֆոնին նկատելի երկու հանգամանք՝ թե թուրք-իրանական, թե ռուս-թուրքական հարաբերության եւ շփումների որոշակի, թեկուզ հարաբերական, բայց սառեցում: Որքան է այն կառավարելի եւ որքան կշարունակվի, բարդ է ասել, սակայն թերեւս այդ հանգամանքից օգտվելով էր նաեւ, որ Իլհամ Ալիեւը հայտարարեց, թե Մեղրիով ճանապարհ չստանալու պարագայում, Ադրբեջանը չի բացի սահմանի որեւէ այլ ուղղություն:

Նա իհարկե չի նշել հայ-թուրքական սահմանի մասին, սակայն կասկածից վեր է, որ տողատակում գուցե նույնիսկ առաջին հերթին խոսքը հենց հայ-թուրքական սահմանի մասին է: Դրա վերաբերյալ դեռեւս 2022-ի հուլիսից ազդարարվել է երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաեւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը բացելու պայմանավորվածոթյուն, բայց առ այսօր ոչ միայն չկա որեւէ շարժ այդ պայմանավորվածությունները իրագործելու ուղղղությամբ, այլ նաեւ չկան հայ-թուրքական բանագնացների շփումներ, որքան էլ Երեւանը հայտարարում է, որ ամբողջությամբ շահագործման է պատրաստ Մարգարայի նորոգված անցակետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ