Ինչ վիճակում է ծեծված շտապօգնության բժիշկը. Հայկ Կոստանյանը մանրամասնել է՝ ինչ է պահանջել քաղաքացին և ինչ է կատարվել

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մանրամասներ է հայտնել այսօր Երանում շտապօգնության բժշկին ծեծելու դեպքի վերաբերյալ:

«Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 41 ամյա բնակիչ Ա.Ա.-ն տարեսկզբից մինչ օրս 30 կանչ է իրականացրել շտապօգնության 1-03 համարին։
Այսօր առավոտյան մեքենան եղել է կանչով նշված հասցեում:

Պացիենտը բժշկից պահանջել է ներարկել «Տրամադոլ» դեղամիջոց, բժիշկը հորդորել է ապավինել իր որոշմանը՝ նշելով, որ այլ դեղամիջոցով նույնպես կարելի է ցավազրկել։

Այնուհետ հիվանդը սկսել է ագրեսիվ պահվածք դրսևորել, հնչեցնել վիրավորական արտահայտություններ՝ նշելով որ կամ պետք է իր ուզած դեղը ներարկեն, կամ հեռանան, որ այլ կանչով իրեն ներարկվի նախընտրած դեղամիջոցը։

Բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո վերջինիս 3 անձինք ծեծի են ենթարկել։

Ավելի ուշ բուժօգնության դիմած բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանի քերծվածքներ»,- գրել է Կոստանյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ բռնության դեպքի վերաբերյալ գրառում էր արել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու դատապարտել տեղի ունեցածը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ