ԵԽ հանձնակատարի դիտարկումներն անաչառ չեն. Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհ է Դունյա Միյատովիչի զեկույցից

Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել Հայաստան, Ադրբեջան և ԼՂ կատարած այցի արդյունքներով Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հրապարակած զեկույցից:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն:

«Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ էր մարդու իրավունքների նման առաքելությամբ հնարավոր դարձել այցելել Լեռնային Ղարաբաղ։ Այդ այցն իրականացվել է Ադրբեջանի հրավերով և համաձայնությամբ: Սա մարդու իրավունքների միջազգային կառույցների նկատմամբ Ադրբեջանի կառավարության թափանցիկության և համագործակցության ցուցանիշ է։

Ընդհանուր առմամբ, զեկույցը մատնանշում է Ադրբեջանի կառավարության կողմից ձեռնարկված մի շարք կոնկրետ քայլեր՝ ապահովելու վերադարձի իրավունքը և մարդու այլ իրավունքները: Սա ընդգծում է Ադրբեջանի դրական մտադրությունն ու մոտեցումը տեղի հայ բնակչության վերաինտեգրման խնդրին և այդ գործընթացի շրջանակներում նախատեսված միջոցառումներին։

Ցավալի է, որ զեկույցը վկայակոչում է Լաչինի ճանապարհի, այսպես կոչված, շրջափակումը, որը հեռու է իրականությունից և չի ճանաչվել միջազգային դատարանի կողմից:

Ի վերջո, պետք է մասնավորապես նշել, որ Ադրբեջանը հանձնակատարին հրավիրել է այցելել՝ ակնկալելով, որ նա դիտարկումներ իրականացնի՝ հիմնված անաչառության, հավասարության և մարդու բոլոր իրավունքների համընդհանուրության վրա։

Նկատի ունենալով այցի արդյունքները՝ Ադրբեջանը նշում է, որ հանձնակատարի դիտարկումները չեն պարունակում ամբողջական արդարություն և անաչառություն։

Հանձնակատարը հարցերը կենտրոնացնում է նեղ և եզակի տեսանկյունից՝ կորցնելով իրավիճակի համապարփակ պատկերացումը: Այս առումով Ադրբեջանը կարծում է, որ եզրակացությունները հիմնված են ոչ թե հանձնակատարի այցի ընթացքում կատարած ուղղակի դիտարկումների վրա, այլ առաջին հերթին այլ թերի և կողմնակալ աղբյուրներից ստացված տվյալների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը երեկ հրապարակել էր իր դիտարկումները 2023 թվականի հոկտեմբերի 16-23-ը Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքների վերաբերյալ։

Միյատովիչը ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները խաղաղ բանակցությունների գործընթացում պետք է ուշադրությունը կենտրոնացնեն մարդու իրավունքների պաշտպանության վրա և խիստ երաշխիքներ սահմանեն հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար:

Իր լսածի և տեսածի հիման վրա հանձնակատարը եզրակացրել է, որ 2023 թվականի սեպտեմբերի վերջին ԼՂ-ի հայերը լքել են իրենց տները՝ առանց որևէ կողմի որևէ հուսալի անվտանգության կամ պաշտպանության երաշխիքների, և որ նրանց համար տներից հեռանալը միակ հասանելի և խելամիտ տարբերակն է եղել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ