Բրյուսելում ՀՀ դեսպանը ներկայացրել է խաղաղության օրակարգի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը. ինչ են խոստացել ներկաները

ԵՄ-ում Հունաստանի մշտական ներկայացուցչի հրավերով Բրյուսելում ՀՀ դեսպանը քննարկել է ԵՄ-ի հետ գործընկերության խորացումն անդամ երկրների հետ:

Այս մասին հայտնում են դեսպանությունից:

Հունվարի 12-ին, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանը մասնակցել է կլոր սեղան- քննարկմանը, որին ներկա են եղել ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչներ, քաղաքական և անվտանգային կոմիտեի դեսպաններ, Եվրահանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Հանդիպումը կազմակերպվել է ԵՄ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Իոանիս Վրաիլասի կողմից և շարունակությունն է 2023 թ․-ի դեկտեմբերի 11-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությանը։

Քննարկման ընթացքում դեսպան Բալայանը ներկայացրել է Հայաստանի տեսլականը ԵՄ-ի հետ գործընկերության խորացման հեռանկարների վերաբերյալ՝ ի հաջորդումն ԵՄ խորհրդի որոշումների։ Նա անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված գաղափարներին և առաջարկություններին, որոնք կծառայեն ՀՀ-ԵՄ հարաբերությունները որակապես նոր մակարդակ տեղափոխելու վերջնանպատակին։

Հանդիպման մասնակիցներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Հայաստանի բարեփոխումների ու խաղաղության օրակարգին և խոստացել շարունակել այս ուղղությամբ համագործակցությունը։

Իր ներածական խոսքի և հարց ու պատասխանի ընթացքում, դեսպան Բալայանը ներկայացրել է նաև Հայաստանի դիրքորոշումը՝ Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ։

ՀՀ դեսպանը մանրամասնել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման պատճառներն ու հետևանքները՝ շեշտելով Բաքվում արմատացած անպատժելիության զգացումը, որն էլ ավելի ակնառու է դարձել երկու օր առաջ Ադրբեջանի նախագահի զավթողական, սպառնալից և սադրիչ հայտարարությունների շնորհիվ, որոնք լի էին առանց այդ էլ փխրուն իրավիճակն ապակայունացնելու վտանգներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ