Գյումրու Հաղթանակի պողոտան ազատվում է 30 տարի գործող ժամանակավոր կրպակներից. քաղաքապետարանն անսպասելի կամք է դրսևորել

Շաբաթվա մեկնարկը Գյումրու քաղաքապետարանը տվել է Հաղթանակի պողոտան տաղավար-կրպակներից ազատելու գործընթացով: Միայն այդ տարածքում 40 տաղավար արդեն 30 և ավելի տարի ժամանակավոր անվան տակ հիմնավորապես գործում է:

Դրանց հիմնական մասն ունեն այդ տարածքում գտնվելու թույլտվություններ՝ Գյումրու քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի տեսքով: Թույլտվություններն իրենց ղեկավարության տարիներին տվել են Գյումրու բոլոր քաղաքապետերը՝ միաժամանակ մտահոգվելով, որ չեն կարողանում քաղաքի գլխավոր ու ներկայանալի հատվածն ազատել հենց այդ նույն տնակ-տաղավարներից:

2024-ին, սակայն, քաղաքապետարանն անսպասելի կամք դրսևորեց և արդեն 5 տաղավար է կարողացել հեռացնել:

Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ մարդկանց հետ աշխատում են, որ կարողանան առանց խնդիրների տարածքն ազատել:

Տաղավարների մեծ մասը վարձակալված են: Դրանց տերերը շուկայի տարածքում կամ այլ վայրերում խանութներ ու առևտրի կետեր ունեն: Հիմա, երբ տաղավար-տնակը քաղաքապետարանը հեռացնում է, խնդրի առաջ կանգնում է ոչ թե տաղավարի տերը, այլ վարձակալը:

Եթե քաղաքապետարանը որոշել է հեռացնել բոլոր տնակները, ապա ի՞նչ տրամաբանությամբ են դրանք ցաքուցիր ձևով հանվում և ոչ թե հերթականությամբ՝ մեր հարցին, փոխքաղաքապետն ասում է՝ ում հետ կարողանում են պայմանավորվել, տաղավարը հանում են:


«Դե կարող է էդ պահին տաղավարում գույք լինի, կամ այլ հարցեր, համաձայնության ենք գալիս, հետո հանում ենք: Կոնկրետ դրված չէ, թե սա, սա ու սա պետք է հանել, խնդրելով, համոզելով հանում ենք»,- ասում է Ջանոյանը:

Նրա խոսքով՝ ամբողջ Գյումրին է ազատվելու նման ժամանակավոր տաղավարներից, այս պահին, սակայն, քանի որ Հաղթանակի պողոտան հիմնանորոգման փուլում է, բոլոր աշխատանքները կենտրոնացված են հենց այդ հատվածում:

«Տեղադրելու ժամանակ բոլորն էլ իմացել են, որ կգա մի օր, երբ դրանք կհեռացվեն: Էնպես որ անակնկալի խնդիր չկա: Իրենք վարձակալության հիմունքով են դրել, հողը քաղաքինն է, տաղավարը՝ իրենցը, հանում ենք, ինքը ինչ ուզում է, անում է»,- նշում է փոխքաղաքապետը:

Սուրեն Ջանոյանը նաև հավաստիացնում է, որ հետամուտ են, որ Հաղթանակի պողոտայից հեռացված տաղավարը չհայտնվի քաղաքի մեկ այլ հատվածում:

Բացի տաղավարներից, Հաղթանակի պողոտայի մայթերն են ապօրինաբար նաև զավթել ծաղկի սրահների, սրճարանի ու խանութների տերերը:

Արդյո՞ք Հաղթանակի պողոտայի հիմնանորոգումը ասֆալտապատման ու մայթերի բարեկարգման տեսքով, շուկայամերձ տաղավարների հեռացումից զատ՝ նաև մայթերն ազատել է նշանակում: Մեր հարցին ի պատասխան՝ փոխքաղաքապետն ասում է՝ ոչ, մայթերի համար դեռ ժամանակ ունեն:

«Հարցը մեր ամենօրյա քննարկման տիրույթում է, սակայն այս փուլով տաղավարները կհանենք, շինարարը կանցնի իր լիարժեք գործին»,- ասում է փոխքաղաքապետը՝ չհստակեցնելով, թե արդյոք պատրաստվո՞ւմ են նախքան մայթերի բարեկարգումը դրանց ազատել ապօրինի կառուցապատումներից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ