Իրեն «համահայկական կուսակցություն» հռչակած, բայց 405 անդամ ունեցող «Սասնա ծռեր»-ի գործերը լավ չեն. ԱԺԲ դրամահավաքը՝ հանուն Սեֆիլյանի չիրականացրած ծրագրի

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջով ներկայացրել է իր 2021 և 2022 թվականների տարեկան հաշվետվությունները, որոնք այսօր հրապարակվել են azdarar.am կայքում։

2016-ի հուլիսին ՊՊԾ գնդի գրավմամբ հայտնի դարձած, 2018-ի ԱԺ ընտրությունների նախընթաց շրջանում պետական գրանցում ստացած այս կուսակցությունը, ինչպես պարզեց civic.am-ը, ունի ընդամենը 405 անդամ, այն դեպքում, երբ հռչակվել է «համահայկական կուսակցություն»։ 2021 և 2022 թվականներին էլ ֆինանսական գործունեություն չի իրականացրել, դրամական, ոչ դրամական հոսքեր չի ունեցել, գույք չի օգտագործել, ծրագրեր չի իրականացրել։ Ղեկավար անձնակազմն էլ բաղկացած է 5 հոգուց՝ Վարուժան Ավետիսյան, Գարեգին Չուքասզյան, Արեգ Կյուրեղյան, Գևորգ Սաֆարյան, Վահագն Ավագյան։ Հարկ է նկատել, որ 2018-ի ԱԺ ընտրություններին սույն կուսակցությունը ևս մասնակցում էր և ստացել էր 22 հազար 868 ձայն, սակայն չէր հաղթահարել ԱԺ մուտք գործելու համար սահմանված անցողիկ շեմը։

Իսկ արդեն 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ «տեռորիստների» հետ նույնացվող «ծռերը» որոշեցին ռեբրենդինգի մեթոդին դիմել և ընտրություններին մասնակցեցին «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության անվան տակ, սակայն հավաքեցին ավելի քիչ ձայն՝ 18 հազար 976։ Եվ դարձյալ, չհաղթահարելով անցողիկ շեմը, շարունակեցին և այսօր էլ շարունակում են արտախորհրդարանական ընդդիմադիր խմբակի իրենց դերը։ «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի շահառուն, ինչպես պարզեցինք պետռեգիստրից, նախկին ՀՅԴ-ական, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանն է։

«Սասնա ծռերի» «ֆիլիալը» համարվող «բևեռը», որն իրեն համարում է դիմադրող միակ ընդդիմադիր ուժը, ինչպես հայտնի է, իշխանափոխության գործընթաց է սկսել՝ Ազատության հրապարակում նստացույց է անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու փափագում է ժամանակավոր կառավարություն ձևավորել։ Ավելին, իր այդ փափագի՝ իշխանափոխությունը գլուխ բերելու համար ամիսներ շարունակ դրամահավաք է իրականացնում։ Եվ մինչ նստել սիրող բևեռականների մի քանի հոգանոց խմբակը տաք հագնված, նստած դիմադրում է՝ զբաղեցնում է Ազատության հրապարակով անցուդարձ անող քաղաքացիներին, երբեմնի կարկառուն «ծռեր»-ական Արա Պապյանը, Ժիրայր Սեֆիլյանը ԱՄՆ-ում են, էլեգանտ կոստյումները հագներին հանդիպում են ամերիկացի պաշտոնյաների հետ (այդ մասին է վկայում Բևեռի ֆեյսբուքյան էջը) և զբաղված են «Հայկական հարցը (Արցախը ներառյալ) Վաշինգտոնի ամենաբարձր օղակներ հասցնելով»։ Կարճ ասած՝ լոբբինգով։

Իսկ լոբբինգը, հայդատական ՀՅԴ-ն էլ կվկայի, թանկ հաճույք է և ահռելի ֆինանսական ռեսուրսներ է պահանջում։ Թե ով է ֆինանսավորում «բևեռի» ամերիկյան վոյաժն ու լոբբինգը՝ հայտնի չէ։

Հ. Մ.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ